Ոստիկանությունը գիշերը հաշված րոպեների ընթացքում ցրեց ցուցարարներին ՊՊԾ գնդի գրավված շենքի տարածքից
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ոստիկանները գիշերը հաշված րոպեների ընթացքում ցրեցին ցուցարարներին ՊՊԾ գնդի գրավված շենքի տարածքից։
Գործողությունները սկսվեցին երկու զգուշացումներից հետո։
Ձերբակալվել են տասնյակ մարդիկ։ Ոստիկանությունը հատուկ միջոցներ չի կիրառել։
Հուլիսի 17–ին` լուսադեմին, մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց, որոնց թվում են` ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ովքեր գնացել են այնտեղ բանակցություններ վարելու համար։ Հարձակման ժամանակ զոհվել է գնդապետ Արթուր Վանոյանը, տարբեր վիրավորումներով հոսպիտալացվել է 6 մարդ` 5 ոստիկան և մեկ հարձակվող։ Չորեքշաբթի օրվա դրությամբ գրավված շենքից ազատ է արձակվել հինգ պատանդ։
ՊՊԾ գնդի շենքը զավթած անձինք պահանջում են ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարան» արմատական ընդդիմադիր շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին, ով կալանավորվել է շուրջ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից զենք ապօրինի պահելու կասկածանքով։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
10:33 21.07.2016