ԱԱԾ. բացահայտվել է պաշտոնատար անձին առանձնապես խոշոր չափի կաշառք տալու հերթական դեպքը
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի./ԱՌԿԱ/. ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի (Կաշառք ստանալը) 2-րդ մասով, 312-րդ հոդվածի (Կաշառք տալը) 3-րդ մասի 1-ին կետի, 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 34-327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև դրանց զուգահեռ ԱԱԾ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել կանխարգելել բժշկական կեղծ փաստաթղթերի հիման վրա ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելու դեպքը, ինչպես նաև բացահայտել առանձնապես խոշոր չափերի կաշառք տալու դեպք: Այս մասին հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը:
Ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում պաշտոնատար անձին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու, պաշտոնատար անձին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալուն օժանդակելու և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության պայմաններում, փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ եղանակով ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելու կասկածանքով 2020թ. մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ բերման են ենթարկվել Ս. Ն-ն, Ն. Գ-ն, Ն. Մ-ն և Ռ. Մ-ն, ովքեր նույն օրը քրեադատավարական օրենքով նախատեսված համապատասխան հիմքերի առկայության պայմաններում ներգրավվել են որպես կասկածյալ:
Նույն օրը պաշտոնատար անձին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալուն օժանդակելու կասկածանքի մեջ ներգրավված անձինք պաշտպանների ներկայությամբ տվել են խոստովանական ցուցմունքներ՝ բացահայտելով կոռուպցիոն մեխանիզմում ներգրավված անձանց շրջանակը, նրանցից յուրաքանչյուրի դերակատարությունը՝ պատրաստակամություն հայտնելով ներկայացնել նաև քրեական գործի քննության համար նշանակություն ունեցող ապացուցողական նյութեր:
«Արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ Ն. Գ-ն, նպատակ ունենալով որդու՝ Ս. Ն-ին հերթական անգամ կեղծ փաստաթղթերի հիման վրա երկարացնել նախկինում 5 տարով տրված պարտադիր ժամկետային զինվորական ծառայության տարկետման ժամկետը, իր ընկերուհու միջոցով համաձայնություն է ձեռք բերել ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական հոսպիտալի նախկին աշխատակից Ռ. Մ-ի հետ, որպեսզի վերջինս, օգտագործելով իր կապերը, պաշտոնատար անձանց 3.000 ԱՄՆ դոլար գումարի չափով կաշառք տալու եղանակով, լուծի որդու զինվորական ծառայության ժամկետի հերթական տարեկետման հարցը և ստացել վերջինիս համաձայնությունը»,- նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Այնուհետև, Ռ. Մ-ն, տալով իր համաձայնությունը Ն. Գ-ին և Ս. Ն-ին օժանդակելու նրանց հանցավոր մտադրությունն իրականացնելու հարցում, 2020թ. ապրիլին հանդիպել է զինվորական կոմիսարիատի համապատասխան պաշտոնատար անձին և առաջարկել է գումարի դիմաց հերթական անգամ հետաձգել Ս. Ն-ի ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչը՝ պայմանավորվելով որոշ ժամանակ անց հանդիպել:
Հաղորդվում է, որ Ռ. Մ-ն համապատասխան պաշտոնատար անձին առանձնապես խոշոր չափերի կաշառքի գումարը փոխանցելու նպատակով 2020թ. մայիսին Ն. Գ-ից ստացել է 3.000 ԱՄՆ դոլար և հանդիպել է զինվորական կոմիսարիատի համապատասխան պաշտոնատար անձին, սակայն քանի որ վերջինս հրաժարվել է ստանալ կաշառքի առարկան, Ռ. Մ-ն 3.000 ԱՄՆ դոլարից 2.000 ԱՄՆ դոլարը հետ է վերադարձրել Ն. Գ-ի որդուն՝ Ս. Ն-ին, իսկ 1.000 ԱՄՆ դոլարի կապակցությամբ պատճառաբանել, որ նրանց օգտին որոշակի գործողություններ կատարելուց ձեռնպահ լինելու դիմաց փոխանցել է զինվորական կոմիսարիատի համապատասխան պաշտոնատար անձին՝ այդ կերպ խաբեությամբ հափշտակել այն:
Բերման ենթարկվածների նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:
«Քրեական գործով հիշյալ անձանց բնակարաններում կատարվել են խուզարկություններ, որի ընթացքում առգրավվել են համակարգիչներ, բժշկական փաստաթղթեր, զինվորական գրքույկ, բջջային հեռախոսներ, ձեռնարկվում են միջոցառումներ կոռուպցիոն սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
21:24 27.05.2020