Բացահայտվել է էքստրասենս Անի Մաջնունյանի սպանությունը

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ավարտվել է վերջին ժամանակներում Հայաստանում կատարված ամենախճճված սպանություններից մեկի հետաքննությունը։ Էքստրասենս և խիրոմանտ Անի Մաջնունյանի սպանության համար մեղադրվում է Մուշեղ Մխիթարյանը, գրում է «Նովոյե վրեմյա» թերթը։
Պարբերականը հիշեցնում է, որ «Վեցերորդ զգայարան» հեռուստաշոուի մասնակից Անի Մաջնունյանին դաժանորեն սպանել էին նախորդ տարվա օգոստոսի 5–ին։ Բազմաթիվ կտրած–ծակած վերքերով նրա դին հայտնաբերել էին կնոջ`Մազմանյան փողոցի բնակարանում։ Նրան դանակի հարվածներ են հասցրել երկար և ողջ ուժով։ Այդ հանցագործության կատարելու համար կասկածվում էր «Յանուս» թատրոնի ղեկավար Մուշեղ Մխիթարյանը։
Պաշտոնական վարկածով, սպանությունը կատարվել էր կողոպուտի նպատակով։ Հանցագործն իմացել է, որ 53–ամյա կնոջ տանը խոշոր գումար կա։ Դրան հասնելու համար նա այցելել է էքստրասենսի տուն, ննջասենյակում հարձակվել նրա վրա և դանակի 59 հարված հասցրել։ Քննության վարկածով, հանցագործը տակնուվրա է արել տունը գումար գտնելու համար, բայց չի գտել, ինչից հետո հավաքել է զարդեղենը, բջջային հեռախոսները և փախուստի դիմել։
Հատկանշական է, որ դրանից հետո Աննա անունով մի աղջիկ տեղական թերթերից մեկին պատմել էր, թե մարդասպանի և սպանության մասին մանրամասների է տիրապետում։ Ըստ նրա, Մուշեղը նրա նկատմամբ առանձնակի վերաբերմունք ուներ և նրան մեծ բեմում դերեր էր խոստացել։
Սակայն հետագայում, երբ 18–ամյա դերասանուհին ցանկացել է լքել թատրոնը, նա սկսել է սպառնալ նրան և շանտաժի ենթարկել։ Նստեցնում էր իր առջև և խելագարի պես մենախոսություններ սկսում։ Աղջիկն ավելի էր համոզվում, որ Մուշեղը տառապում է անձի երկվությամբ։ Դերասանուհին նույնիսկ ստիպված էր գիշերել ընկերուհիների մոտ, որ Մխիթարյանը նրան չկարողանա գտնել։
Սպանության օրը Մուշեղը զանգահարել է Աննային, հայտնել իր «չար մտադրությունների» մասին և ասել, որ աղջիկն իր հետ պետք է գնա։ Սպառնացել է նույնիսկ հաշվեհարդար տեսնել աղջկա ընտանիքի հետ, եթե նա հրաժարվի։ Այսպես նա ստիպված է եղել գնալ այդ քայլին։ Աննան պատմում է, որ, երբ նրանք մոտեցան Մաջնունյանի տանը, նա գիտակցեց պահի ողջ լրջությունը և հրաժարվեց բարձրանալ։ «Ես կարծում էի, որ Մուշեղը հանցագործության չի գնա։ Բայց սխալվում էր...»,– ասում է դերասանուհին։
Մուշեղ Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել «սպանություն շահադիտական դրդումներով» հոդվածով։ Մեղադրյալը կալանավորված է, քննության նյութերն ուղղված են դատախազություն, ինչից հետո կուղարկվեն դատարան։ -0-