Երևանում ավտոբուսի պայթյունից տուժածների առողջական վիճակը գնահատվում է կայուն. ԱՆ

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հալաբյան փողոցում ապրիլի 25-ի ուշ երեկոյան տեղի ունեցած ավտոբուսի պայթյունի հետևանքով «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում ներկա պահին բուժում է ստանում յոթ քաղաքացի, հայտնում է Հայաստանի առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը։
Նրանցից մեկը 62-ամյա կին է, ով առավոտյան է տեղափոխվել հիվանդանոց։ Նրա պնդմամբ` ինքը ևս ավտոբուսի պայթյունից է տուժել: Կինը նշել է, որ ինքնուրույն հեռացել է պատահարի վայրից, սակայն ինքնազգացողության վատացման պատճառով դիմել է շտապօգնության ծառայությանը և տեղափոխվել հիվանդանոց:
Առավոտյան ժամը 10-ի դրությամբ բոլոր տուժածների առողջական վիճակը գնահատվում է կայուն, նշում է մամուլի քարտուղարը Facebook–ի իր էջում։
Տուժածների բուժօգնությունը համակարգում է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ով պատահարից րոպեներ անց տեղում կազմակերպել է բոլոր աշխատանքները, կատարվել են անհրաժեշտ հետազոտությունները:
Հանրապետության գլխավոր և առաջատար մասնագետների ներգրավվածությամբ նախարարը տուժածների առողջական վիճակը գնահատելու նպատակով պարբերաբար հրավիրվել է բժշկական կոնսիլիումներ:
«Վիրահատված 14 և 15 տարեկան պատանիների առողջական վիճակում դիտվում է դրական տեղաշարժ: Վիրահատական բարդ միջամտության արդյունքում բժիշկներին հաջողվել է պահպանել պատանիներից մեկի վերջույթը: Առավոտյան տղաները կրկին անցել են բոլոր անհրաժեշտ հետվիրահատական հետազոտությունները, նրանց վիճակը գնահատվում է կայուն ծանր: Երկուսն էլ եկել են գիտակցութան, սակայն մեկը դեռևս շնչում է արհեստական սարքի օգնությամբ»,– ասվում է գրառման մեջ։
Ինչպես հայտնում է Հայթայանը, բժշկական անձնակազմի խոսքով, երիտասարդներին հետագայում սպասում են վերականգնողական և պլաստիկ կրկնակի վիրահատություններ:
Մյուս տուժածների մոտ առկա են սալջարդեր և բեկորային վնասվածքներ: Բոլորի վիճակը բավարար է, կատարվել են անհրաժեշտ հետազոտությունները և բժշկական միջամտությունները, նրանք գտնվում են մասնագետների մշտական հսկողության ներքո:
Տուժածներից մեկը 37-ամյա հղի կին է, որի կյանքին և պտղին վտանգ չի սպառնում: Նա հսկվում է ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի կողմից:
Հիվանդներն ապահովված են անհրաժեշտ դեղերով և բժշկական պարագաներով: -0-