ՀՀ ԱԻՆ-ը հերքում է առաջիկա ուժեղ երկրաշարժի մասին լուրերը

ՀՀ ԱԻՆ-ը հերքում է առաջիկա ուժեղ երկրաշարժի մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը իրականությանը անհամապատասխան է համարել առաջիկա ուժեղ երկրաշարժի մասին տարածված լուրերը, տեղեկացրեցին ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից:

Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը հայտնել էր,որ հուլիսի 6-ին ժամը 11:13-ին Վանաձորից 7 կմ դեպի հարավ կրկին 3 մագնիտուդով և 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, իսկ հուլիսի 7-ին, ժամը 03.39-ին տեղեկություն էր ստացվել այն մասին, որ տեղական ժամանակով ժամը 03.08-ին Վանաձոր քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք տեղի է ունեցել 4 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրորդ երկրաշարժը զգացվել է Լոռու և Արագածոտնի մարզերում՝ 3-4 բալ ուժգնությամբ: Երկրաշարժին հաջորդել է 0,8-1,2 մագնիտուդով 4 հետցնցում:
«Գրանցած երկրաշարժերը, որոնք հատկապես զգացվել են Վանաձոր և Սպիտակ քաղաքներում, խուճապ են առաջացրել բնակչության շրջանում: Այս կապակցությամբ Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը նշում է, որ ոչ մի պաշտոնական հաղորդագրություն ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայության» կողմից սպասվելիք երկրաշարժի մասին չի եղել», - նշվում է հաղորդագրության մեջ:

Ըստ գործող կարգի` մասնագետները ցանկացած երկրաֆիզիկական և այլ դաշտերի անոմալ փոփոխությունների դեպքում և զգացվող սեյսմիկ իրադարձությունից հետո մանրամասն վերլուծում են ստեղծված իրավիճակը և անհրաժեշտության դեպքում տարածում պաշտոնական հաղորդագրություն, մասնավորապես զանգվածային լրատվամիջոցներով:

Ինչպես նշեցին ԱԻՆ-ից, առ այս պահը վտանգի մասին ոչ մի պաշտոնական հաղորդագրություն չի եղել, և մասնագետները գտնում են, որ ուժեղ երկրաշարժի առաջացման հավանականություն և բնակչությանը անհանգստանալու առիթ չկա:

Սպիտակի 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո անցել է 25 տարուց ավելի, սակայն սեյսմոլոգները գտնում են, որ դեռևս այս երկրաշարժի օջախում ակտիվությունը չի մարել և այսպիսի թույլ երկրաշարժերի տեղի ունենալը բնորոշ են հետերկրաշարժյան գործընթացներին, այսինքն` հետցնցումները շարունակվում են և դեռևս շարունակվելու են:

«Նորից շեշտում ենք, որ ուժեղ երկրաշարժի կանխատեսման համար հիմք հանդիսացող անոմալիաներ ՀՀ ԱԻՆ «ՍՊԾ»-ի դիտարկումների ցանցի տվյալներով չկան, ուստի և անհանգստանալու կամ խուճապի կարիք չկա: Պետք է հետևել միայն ՀՀ ԱԻՆ պաշտոնական հաղորդագրություններին և չհավատալ մարդկանց շրջանում տարածված սեյսմիկ վտանգի մասին լուրերին», - նշեցին ԱԻՆ-ից:

1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ։ Աղետը հիմնովին ավերեց Հայաստանի հյուսիսում գտնվող երկու քաղաք՝ Սպիտակն ու Լենինականը (այժմյան Գյումրին), ավելի քան հարյուր գյուղ։ Եվս մի քանի քաղաքներ ավերվեցին մասամբ։Այդ օրը, ըստ պաշտոնական տվյալների, զոհվեց 25 հազ. մարդ, 140 հազարը դարձան հաշմանդամներ, իսկ կես միլիոն մարդ մնաց անօթևան։--0—

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

13:54 07.07.2014




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×