Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+23

ԼՂՀ նախագահը հանձնարարել է ոստիկանապետին շաբաթ օրվա միջադեպի ծառայողական մանրամասն հետաքննություն կատարել

03.02.2015, 14:51
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հանձնարարել է ոստիկանապետին` «Հիմնադիր խորհրդարան» կազմակերպության մասնակիցների հետ կապված շաբաթ օրվա միջադեպի ծառայողական մանրամասն հետաքննություն կատարել և զեկուցել արդյունքների մասին։
ԼՂՀ նախագահը հանձնարարել է ոստիկանապետին շաբաթ օրվա միջադեպի ծառայողական մանրամասն հետաքննություն կատարել
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /ԱՌԿԱ/. ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հանձնարարել է ոստիկանապետին` «Հիմնադիր խորհրդարան» կազմակերպության մասնակիցների հետ կապված շաբաթ օրվա միջադեպի ծառայողական մանրամասն հետաքննություն կատարել և զեկուցել արդյունքների մասին։

«Հիմնադիր խորհրդարան» կազմակերպության անդամները բողոքի ցույցեր և ավտոերթեր են անցկացնում Հայաստանում իշխանափոխության պահանջով։ Շաբաթ օրը նմանատիպ ավտոերթ էր կազմակերպվել Արցախում «100-ամյակն առանց ռեժիմի» կարգախոսով։ Կազմակերպության անդամների տեղեկացմամբ` Ղարաբաղ մտնելիս ավտոերթի որոշ մասնակիցներ ծեծի են ենթարկվել Ոստիկանության աշխատողների կողմից։

«Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 3-ին հրավիրել է խորհրդակցություն` հունվարի 31-ին Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղու Քաշաթաղի շրջանի հատվածում տեղի ունեցած միջադեպի հետ կապված հարցերի վերաբերյալ: Զեկույցներով հանդես են եկել ԼՂՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արշավիր Ղարամյանը և ոստիկանության պետ Կամո Աղաջանյանը»,– ասվում է հաղորդագրությունում։

Իր խոսքում նախագահ Սահակյանը նշել է, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամների կողմից դեպի Արցախ ավտոերթ կազմակերպելու նախաձեռնությունն ի սկզբանե դժգոհություն էր առաջացրել հասարակության տարբեր հատվածներում:

«Ունենալով հավաստի տվյալներ երթը կասեցնելու համար Քաշաթաղի շրջան հարյուրավոր մարդկանց մեկնելու մասին` ոստիկանությունը հասարակական կարգը պահպանելու և հնարավոր բացասական զարգացումները կանխելու նպատակով ստիպված էր իրականացնել համապատասխան միջոցառումներ: Իրադարձությունների զարգացումը, ցավոք, ունեցավ ոչ ցանկալի հետևանքներ: Դժբախտաբար, հնարավոր չեղավ խուսափել անկարգություններից եւ բախումներից, ինչն ստացավ հանրային հնչեղություն»,– ասաց Սահակյանը։

Այս համատեքստում երկրի ղեկավարը հանձնարարեց ոստիկանապետին` անցկացնել մանրակրկիտ ծառայողական քննություն տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ և արդյունքների մասին զեկուցել հանրապետության նախագահին անհրաժեշտ եզրահանգումների համար:

Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: -0-