Պարզվել է այն անձի ինքնությունը, որի վաճառած թութը Հայաստանում զանգվածային թունավորման պատճառ է դարձել
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի. /ԱՌԿԱ/. Պարզվել է այն անձի ինքնությունը, որի վաճառած թութը Հայաստանում զանգվածային թունավորման պատճառ է դարձել, հայտնում է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը։
Վահան գյուղում և Ճամբարակ քաղաքում արձանագրված թունավորման պատճառները բացահայտելու նպատակով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ թութը վաճառել է Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի բնակիչը: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Արարատի մարզային կենտրոնի տեսուչները պարզել են նաև, որ բնակիչն իրացրել է սեփական այգու ծառերից հավաքված թութը:
Հիվանդացած 51 հոգու ճնշող մեծամասնությունը Վահան գյուղի բնակիչներ են, մնացածը Ճամբարակ քաղաքից են։ 33 հոգի տեղափոխվել է Ճամբարակի առողջության կենտրոն։ Հունիսի 8–ի դրությամբ այնտեղ բուժումը շարունակում է 5 հիվանդ, որից 2-ը՝ 0-18 տարեկան: Ամբուլատոր պայմաններում բուժում է ստացել 22 տուժած:
Լաբորատոր փորձաքննության նպատակով վերցվել են ինչպես թթի նմուշներ, այնպես էլ` տեղափոխող մեքենայից և սննդամթերքի տարաներից լվացուկներ: «Ծառայությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցառումները վարակի աղբյուրը բացահայտելու համար»,– նշված է հաղորդագրությունում։
Առողջապահության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, հիվանդների վիճակը ներկայում բավարար է՝ առողջացման միտումով:
Հիվանդներից վերցված կենսաբանական, ինչպես նաև օջախներից վերցված թթի և դրա մնացորդների նմուշներում հայտնաբերվել է «Salmonella typhimurium», որն էլ հաստատում է թթի միջոցով աղիքային վարակի տարածումը:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
15:21 08.06.2015