Рейтинг@Mail.ru
USD
398.84
EUR
412.8
RUB
3.9992
GEL
139.95
2025 թ. հունվարի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Ռուսաստանի պաշտպանության նախարարը խորապես ցավակցում է Գյումրիում սպանված ընտանիքի հարազատներին և մտերիմներին

13.01.2015, 11:47
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ցավակցություն է հայտնել Գյումրիում զոհվածների հարազատներին և մտերիմներին, հայտնում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության մամուլի ծառայության և տեղեկատվության վարչությունը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարը խորապես ցավակցում է Գյումրիում սպանված ընտանիքի հարազատներին և մտերիմներին
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ցավակցություն է հայտնել Գյումրիում զոհվածների հարազատներին և մտերիմներին, հայտնում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության մամուլի ծառայության և տեղեկատվության վարչությունը։

Ոստիկանության տվյալներով` հունվարի 12–ի առավոտյան ինքնաձիգից արձակած կրակոցներով սպանվել են նույն ընտանիքի անդամներ` 1961թ.–ին ծնված Սերյոժա Ավետիսյանը, 1959թ.–ին ծնված Հասմիկ Ավետիսյանը, 1979թ.–ին ծնված Աիդա Ավետիսյանը, 1981թ.–ին ծնված Արմեն Ավետիսյանը, 1990թ.–ին ծնված Արաքսյա Պողոսյանը և Հասմիկ Ավետիսյանը։ Ողջ մնացած միակ փոքրիկը` Սերյոժա Ավետիսյանը, գտնվում է հիվանդանոցում։ Այժմ նա վերակենդանացման բաժանմունքում է, բժիշկները փոքրիկի վիճակը ծանր են գնահատում։

«Ռուսաստանի պաշտպանության նախարարը` բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն, Հայաստանի Հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարի հետ հեռախոսազրույցում խորապես ցավակցել է զոհվածների հարազատներին և բարեկամներին։ Նա ընդգծել է, որ «ոչինչ չի կարող արդարացնել անմեղ մարդկանց նկատմամբ իրականացված այսպիսի բռնությունը»»,– ասվում է հաղորդման մեջ։

Ինչպես նշվում է հաղորդագրությունում, ռուսական ռազմական գերատեսչությունը հայկական կողմի հետ համատեղ զոհվածների հարազատներին համակողմանի օգնություն և աջակցություն կցուցաբերվի։

Ողբերգության պատճառները պարզելու համար Հայաստանի ռուսական ռազմակայան է ուղղվել Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը` ՌԴ պաշտպանության առաջին փոխնախարար Արկադի Բախինի գլխավորությամբ։

Հետաքննությունից հետո ողբերգության բոլոր մեղավորները կենթարկվեն խիստ պատասխանատվության։

Պաշտպանության նախարարությունից նաև հայտնել են, որ 102–րդ ռուսական ռազմակայանի ղեկավարությունը պահակախմբում զինծառայողի բացակայությունը հայտնաբերել է 2015 թվականի հունվարի 12–ին Մոսկվայի ժամանակով 6։05–ին։

Ռուսական ռազմակայանի հրամանատարությունը տեղական իրավապահ մարմինների հետ համատեղ անհապաղ կազմակերպել է զինծառայողի որոնումը, որը, ցավոք, ապարդյուն է անցել։

Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանային վարչության մամուլի ծառայությունը հայտնել է, որ առանձնապես ծանր հանցագործության մեջ կասկածվող զինծառայողին ձերբակալել են ռուս սահմանապահները հայ–թուրքական սահմանն անօրինական կեպով հատելու փորձի ժամանակ։

Ընտանիքի սպանության փաստի կապակցությամբ Հայաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել։ Գյումրու սպանության գործի նախաքննությամբ զբաղվում է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունը։-0-