Рейтинг@Mail.ru
USD
390.33
EUR
443.14
RUB
4.7267
GEL
142.02
2025 թ. ապրիլի 27, կիրակի
եղանակը
Երևանում
+12

Չօգտագործված ներուժ․ TCF–ի համահիմնադիրը՝ ՀՀ–ում քրաուդֆանդինգի հնարավորությունների և հեռանկարների մասին (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)

20.02.2025, 13:32
Այն մասին, թե ինչպես կարելի է փոխել իրավիճակը և ինչ հեռանկարներ ունի քրաուդֆանդինգը Հայաստանում, «ԱՐԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է TCF ընկերության համահիմնադիր և տնօրեն Նարեկ Վարդանյանը
Չօգտագործված ներուժ․ TCF–ի համահիմնադիրը՝ ՀՀ–ում քրաուդֆանդինգի հնարավորությունների և հեռանկարների մասին (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Քրաուդֆանդինգը որպես ֆինանսավորման գործիք աշխարհում սրընթաց զարգանում է, սակայն Հայաստանում դրա ներուժը դեռևս լիարժեք չի բացահայտվել։ Այն մասին, թե ինչպես կարելի է փոխել իրավիճակը և ինչ հեռանկարներ ունի քրաուդֆանդինգը Հայաստանում, «ԱՐԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է TCF ընկերության համահիմնադիր և տնօրեն Նարեկ Վարդանյանը։

«ԱՐԿԱ» ․ ո՞րն է քրաուդֆանդինգի դերը ժամանակակից բիզնեսում, և ի՞նչ միտումներ եք տեսնում այս ոլորտի զարգացման համար Հայաստանում:

Ն. Վարդանյան․ քրաուդֆանդինգը բավականին հեղափոխական է միջազգային բիզնեսում, քանի որ «դեմոկրատացնում» է ֆինանսների հասանելիությունը։ Նախկինում սեփական գործունեության մեջ ֆինանսավորման և ներդրման հարցում դու կախված էիր տարբեր սուբյեկտներից և նրանց պահանջներից, հատկապես՝ բանկերից։ Իսկ քրաուդֆանդինգը հնարավորություն է տալիս ներգրավել ֆինանսավորում քո նման մարդկանցից, ովքեր, հավատալով լավ նախագծերին, կարող են դրանք ֆինանսավորել։ Ֆինանսավորման ծավալները կարող են հասնել միլիոնավոր դոլարների, ինչը հնարավորություն է տալիս ստեղծել ընկերություն, դուրս գալ միջազգային շուկա և հաջողության հասնել՝ կախված չլինելով ֆինանսական կառույցների պահանջներից, որոնց շատերը չեն համապատասխանում շուկա դուրս գալու սկզբնական փուլում։

Հայաստանը կարող է դառնալ քրաուդֆանդինգի հարթակի մաս։ TCF-ն այսօր միակ ընկերությունն է, որը նպաստում է երկրի ներգրավվածությանը այս գործընթացներում։ Հայաստանից մասնակիցների և հայտերի թիվը բավականին քիչ է։

«ԱՌԿԱ»․ Ձեր կարծիքով, որո՞նք են նման ցածր ներգրավվածության պատճառները։

Ն․ Վարդանյան․ հայաստանցի նորարարների շրջանում իրազեկվածության և հաջողության պատմությունների պակաս կա։ Մարդիկ չգիտեն, որ գտնվելով Հայաստանում և ունենալով հետաքրքիր գաղափարներ, կարող են դրանք կյանքի կոչել միջազգային մակարդակում։ Օրինակ՝ պատվիրել նախատիպեր Չինաստանում և արտահանել ամերիկյան շուկա։ Հույս ունենք, որ այս իրավիճակը կփոխվի։

«ԱՐԿԱ»․ որո՞նք են այն ոլորտները, որտեղ քրաուդֆանդինգի մեթոդները առավել արդյունավետ են, և հնարավո՞ր է, որ մեդիա ոլորտը նույնպես դառնա այս էկոհամակարգի մասը:

Ն. Վարդանյան․ կարծում եմ՝ հնարավոր է։ Մասնավորապես, որևէ կրեատիվ նախագիծ կարող է ստանալ ֆինանսավորում։ Անհրաժեշտ է խորացված վերլուծություն՝ հասկանալու համար, թե որ ձևաչափն է առավել արդյունավետ, բայց ընդհանուր առմամբ՝ դա հնարավոր է՝ հաշվի առնելով, որ քրաուդֆանդինգի մի քանի տեսակներ կան։

«ԱՌԿԱ»․ կոնկրետ ի՞նչ տեսակներ։

Ն. Վարդանյան․ երեքն են։ Առաջինը՝ բարեգործական քրաուդֆանդինգն է, երբ մարդիկ առանց որևէ փոխհատուցման նվիրատվություն են կատարում՝ որպես աջակցություն նախագծի իրագործմանը։

Կա Equity Crowdfunding, որի դեպքում ներդրողները ֆինանսավորում են նախագիծը՝ ընկերությունում բաժնեմաս ստանալու նպատակով։ Բացի այդ, կա Rewards-based Croudfunding, որը հիմնված է նվերների վրա։ Սա նախնական պատվերի համակարգ է, որով աշխատում է TCF-ը։ Այս տեսակն առավել հարմար է նորարարական պրոդուկտների համար, որոնք կիրառելի են առօրյա կյանքում։ Նախագծերը ֆինանսավորվում են քրաուդֆանդինգի միջոցով, ինչից հետո նախագծի հեղինակը մատակարարում է պրոդուկտն այն մարդկանց, ովքեր նախնական պատվեր են կատարել։

«ԱՐԿԱ». ի՞նչ հնարավորություններ և հեռանկարներ ունի քրաուդֆանդինգը Հայաստանի համար:

Ն. Վարդանյան․ այսօր Հայաստանում կա քրաուդֆանդինգի բավականին զարգացած էկոհամակարգ։ Այսինքն՝ կա համակարգ, որը թույլ է տալիս մեզ աջակցել գաղափարից մինչև վերջնական հաջողության հասնելու ճանապարհին։ Իրականում, TCF-ը, որն աշխարհում քրաուդֆանդինգի ամենազարգացած էկոհամակարգերից մեկն է, գտնվում է Հայաստանում և չի մասնակցում տնտեսության ակտիվացմանը. հայտերը հիմնականում ստացվում են ԱՄՆ-ից կամ Չինաստանից։

«ԱՌԿԱ»․ ի՞նչ է պետք անել այս իրավիճակը հօգուտ Հայաստանի փոխելու համար։

Ն․ Վարդանյան․ առաջինը, իրազեկելու միջոցով մարդկանց մոտիվացնել և հետաքրքրել, ցույց տալ, որ նրանք նույնպես կարող են դառնալ այն հաջողակ գործիչները, ովքեր ստեղծել են միջազգային բրենդեր կամ հավաքել միլիոնավոր դոլարներ։

Բացի այդ, պետք է տեղյակ լինել ապրելակերպին Հայաստանից դուրս. հաճախ հայտերը, որոնցով մեզ դիմում են, շատ լոկալ են: Մենք ցանկանում ենք մարդկանց մոտ խրախուսել ավելի լայն մտածելակերպ և նշաձողի բարձրացում՝ միջազգային շուկայում հաջողության հասնելու համար ավելի կենսունակ նախագծեր ստեղծելու գործում:

Ամենակարևորը ցանկությունն է, որոշակի գիտելիքներ այն ոլորտում, որտեղ ցանկանում եք միջոցներ ներգրավել, պրոդուկտի լավ դիզայն: Դու կարող ես ստեղծել քո պրոդուկտը, մարդկանց համոզել, որ դա անհրաժեշտ է և փուլ առ փուլ առաջ շարժվել

ԱՌԿԱ. ո՞ր ժամանակակից մարքեթինգային գործիքներն են առավել արդյունավետ ֆինանսավորման ներգրավման և/կամ հայկական ընկերությունների միջազգային շուկաներ մուտք գործելու համար:

Ն. Վարդանյան․ դա ուղիղ կապված է ընկերության գործունեության բնույթի հետ՝ այն տեխնոլոգիական ստարտափ է կամ գյուղատնտեսական կոոպերատիվ: Լավ նորությունն այն է, որ ֆինանսավորման այս ոլորտները Հայաստանում աննախադեպ աճ են գրանցել վերջին հինգ տարիների ընթացքում։ Այսօր երկրում կան գրանցված հիմնադրամներ, որոնք ներդրումներ են կատարում հայկական ընկերություններում։ Ներդրումներ են կատարում նաև Հայաստանում չգրանցված, բայց հայերի կողմից հիմնադրված հիմնադրամները։ Հինգ տարի առաջվա իրավիճակի համեմատությամբ, այսօր ֆինանսավորման հասանելիության ենթակառուցվածքները բավականին գրավիչ են։

Օրինակ մենք հիմա տեղաբաշխվում ենք պարտատոմսեր, որոնք ֆինանսավորման նորարարական միջոց են։ Այսինքն, TCF–ը, որպես տեխնոլոգիական ընկերություն, ֆինանսավորում է ներգրավում պարտատոմսերի միջոցով, այստեղ քրաուդֆանդինգի տարր կա։

«ԱՌԿԱ»․ որքա՞նն է պարտատոմսերի թողարկման ծավալը։ Ինչպիսի՞ նախածերի վրա կուղղվեն ներգրավված միջոցները։

Ն․ Վարդանյան․ TCF–ը համաշխարհային առաջնորդներից մեկն է քրաուդֆանդինգի ոլորտում, ունի բազմամյա փորձ ապրանքանիշերի առաջխաղացման, քրաուդֆանդինգային արշավների, էլեկտրոնային կոմերցիայի կազմակերպման և մարկետինգային ռազմավարությունների մշակման ոլորտում։ Ունի գրասենյակներ ԱՄՆ–ում, Չինաստանում և Հայաստանում։ Վերջին տարիներին ընկերությունը սկսել է ընդլայնվել, նախատեսում է մուտք գորել Կորեայի շուկա, Ճապոնիա, նախորդ տարի ձեռք է բերել նյույորքյան ընկերություն։ Հաջողության հասնելու համար ավելի արդյունավետ լինելու նպատակով մեզ անհրաժեշտ են ռեսուրսներ, այդ պատճառով պարտատոմսերի թողարկման նպատակը ընկերության հետագա աճն է ու զարգացման ուժեղացումը։

Մենք թողարկել ենք 400մլն դրամ ծավալով արժեկտրոնային պարտատոմսեր 12,75% տոկոսադրույքով։ Տեղաբաշխումն իրականացվում է հունվարի 7–ից ապրիլի 7–ը։ Բայց, ամենայն հավանականությամբ կավարտվի ավելի վաղ, ինչից հետո մենք ցուցակում կանցնենք Հայկական ֆոնդային բորսայում։ Պարտատոմսերի անվանական արժեքը 100 հազար դրամ, արժեկտրոնային վճարների ժամկետը 3 ամիս է։ Տեղաբաշխողը Dimension Investments ներդրումային ընկերությունն է։

«ԱՌԿԱ»․ նախատեսու՞մ է ընկերությունը IPO իրականացնել։

Ն․ Վարդանյան․ տեսականորեն դա հնարավոր է, սակայն այս պահին նման ծրագրեր չկան։ Հիմա մենք պարտատոմսերը դիտարկում ենք որպես առավել հարմար գործիք առաջիկա երկու տարում

«ԱՌԼԱ»․ որպես ամփոփում, նշեք երեք հիմնական գործոն՝ հօգուտ քրաուդֆանդինգի ընտրության՝ որպես ֆինանսավորում գտնելու գործիք:

Ն․ Վարդանյան․ նախագծի գաղափարը պետք է վերաբերի սպառման ֆիզիկական պրոդուկտին։ Եթե խոսում ենք քրաուդֆանդինգի մասին՝ հիմնված նվերների վրա, շատ կարևոր է, քանի որ գաղափարը կարող է հիանալի լինել, դառնալ շատ լավ բիզնես, բայց իր բնույթով հարմար չլինել քրաուդֆանդինգի համար:

Երկրորդը, պրոդուկտի սպառողների թիրախային խումբը չպետք է լինի շատ նեղ, պրոդուկտը պետք է հնարավորինս մասսայական լինի։

Եվ երրորդ, ամենակարևոր բաղադրիչն այն է, որ նախագիծը պետք է պարունակի նորարարության տարր։ Այս դեպքում շատ մեծ է հավանականությունը, որ նախագծի հեղինակը կարող է մեծ ֆինանսավորում ստանալ, դառնալ հաջողակ, դուրս գալ միջազգային շուկաներ։ Եվ այս ամենն՝ ապրելով Հայաստանում։