ԱՄՆ–ի առևտրային սահմանափակումների հետևանքները․ փորձագետը գնահատել է ռիսկերը Հայաստանի տնտեսության համար

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ապրիլի 5-ից 183 երկրներից, այդ թվում՝ Հայաստանից, ներմուծվող ապրանքների վրա նոր հայելային մաքսատուրքեր սահմանել։ Թրամփի վարչակազմի նման որոշումը կարող է ազդել Հայաստանի ընդհանուր արտահանման և ներմուծման հաշվեկշռի վրա։
Որքա՞ն կրիտիկական կարող է լինել այս իրավիճակը Հայաստանի տնտեսության համար, ի՞նչ ռիսկեր կան, ի՞նչ այլընտրանքային շուկաներ կարող են կոմպենսացնել հնարավոր կորուստները։ Այս հարցերին է անդրադարձել տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանն «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում։
«ԱՌԿԱ». նախագահ Թրամփն իր որոշմամբ «առևտրային պատերազմ» հայտարարեց աշխարհին։ Երկրների ցանկում է նաև Հայաստանը, որի համար սահմանվել է 10 տոկոս տուրք։ Ձեր կարծիքով, մենք մտահոգվելու առիթ ունե՞նք։ Կարո՞ղ ենք կրիտիկական համարել ԱՄՆ հայկական ապրանքների մատակարարման կրճատումը։
Թ․ Մանասերյան․ Միացյալ Նահանգներ հայկական արտահանման ծավալներն այդքան էլ մեծ չեն, այդ պատճառով դեռ չեմ տեսնում կոնկրետ ուղղություններ, որոնք կարող են տուժել այդ որոշումից, չնայած, իհարկե, պետք է հաշվի առնել այն ամենը, ինչ անում է Թրամփի վարչակազմը։ Կան երկրներ, որոնք պետք է շատ մտահոգված լինեն։ Առաջին հերթին դա ԵՄ երկրներն են, Չինաստանը և մյուս պետությունները։ Ի՞նչ իմաստ կա այս ամենում։ Ակնհայտ է, որ Թրամփը փորձում է պաշտպանել իր տնտեսությունը, այսինքն՝ Միացյալ Նահանգների տնտեսությունը, և ուզում է պաշտպանել այն դաժան մրցակցությունից, որն այսօր առկա է համաշխարհային տնտեսության մեջ:
«ԱՌԿԱ»․ կարո՞ղ է Հայաստանը փոխհատուցել հնարավոր կորուստները մյուս առևտրային գործընկերների հետ առևտրի աճի հաշվին։
Թ․ Մանասերյան․ առաջին հերթին ես չեմ տեսնում այդպիսի կորուստներ, երկրորդը, Հայաստանը պետք է վաղուց մտածեր այդ մասին։ ԱՄՆ–ի հետ առևտրում հնարավոր կորուստները գնահատելուց առաջ անհրաժեշտ է մտածել այն մասին, թե ինչ կապեր կարող է հաստատել Հայաստանը Մերձավոր Արևելքում, արաբական երկրներում, որպեսզի իրագործի իր մրցակցային առավելությունները։ Իսկ հետո արդեն մտածի Հյուսիսային Ամերիկայի, Հարավային Ամերիկայի, այլ երկրների մասին։ Իհարկե, պետք է մտածել ամեն ինչի մասին, բայց ես չեմ կարծում, որ այս հարցն այսօր առաջնահերթ է մեր օրակարգի համար։ Կան նաև այլ հարցեր, որոնք պետք է լուծել մինչև Թրամփի վարչակազմի որոշման մասին մտահոգվելը։
«ԱՌԿԱ»․ այս իրավիճակում ինչպե՞ս պետք է գործեն հայկական արտահանող ընկերությունները՝ հնարավոր վնասը նվազեցնելու համար։ Օրինակ, փոխել լոգիստիկ շղթաները, վերակողմնորոշվել դեպի այլ շուկաներ և այլն:
Թ․ Մանասերյան․ արտադրողներն իրենք են գտնում տարբեր շուկաներ հասնելու ուղիներ: Պետք է հարց տանք՝ ի՞նչ է անում պետությունը, ի՞նչ է անում կառավարությունը։ Ամբողջ աշխարհում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, ինչպես երևում է Թրամփի վարչակազմի վերջին քայլերից, նույնիսկ այն երկրներում, որտեղ կան ամենազարգացած շուկայական տնտեսությունները, այդ երկրների կառավարությունները հստակ միջամտում են տնտեսության գործերին և բարենպաստ պայմաններ են ստեղծում իրենց արտադրողների համար։
Իսկ ի՞նչ է անում Հայաստանը։ Ամենապարզը, իմ կարծիքով, մասնավոր հատվածի, հատկապես փոքր բիզնեսի համար բարենպաստ միջավայր ստեղծելու մասին մտածելն է: Եվ ոչ միայն երկրում՝ հարկային արտոնությունների տեսքով, այլ նաև արտերկրում՝ ոչ կոմերցիոն գովազդի միջոցով։
Դա անելու համար մեր քաղաքական գործիչները և կառավարության անդամները պետք է ունենան տնտեսական դիվանագիտության տարրական գիտելիքներ: Օրինակ՝ ո՞րն է պետության ու կառավարության դերն այս ամենում, ինչպե՞ս կարելի է խթանել տեղական արտադրությունը՝ արտաքին շուկաներ մուտք գործելու միջոցով։ Բայց քանի որ այս ամենի մասին նույնիսկ չնչին պատկերացում չկա, այլ հարցերի մասին խոսելն ավելորդ է։ Պետք է մտահոգվեն այն երկրները, այն կառավարությունները, որոնք կազմակերպված և նպատակաուղղված մշակում են ռազմավարություններ և իրականացնում դրանք։
Երբ ասում են. «Վայ, Թրամփը մի բան արեց, և դա կվնասի Հայաստանի տնտեսությանը», ամենևին էլ ճիշտ չէ։ Հայաստանի տնտեսությունը իներցիայով գործող համակարգ է, որտեղ չկա ՀՆԱ–ի կառուցվածք, էլ չասած, որ այն պետք է արդյունավետ լինի։