Հայաստանից Լատվիա է արտահանվել վարդերի առաջին խմբաքանակը
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանից դեպի Լատվիա արտահանվել է 5500 տարբեր տեսակի վարդերի առաջին խմբաքանակը։
«Զվարթնոց» օդանավակայանի բեռնային համալիրում կայացած միջոցառման ընթացքում Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը նշել է, որ արտահանումը Լատվիա կարևոր նշանակություն ունի Հայաստանի տնտեսության համար, քանի որ նպաստում է արտահանման շուկաների դիվերսիֆիկացմանը, հայտնում է «Արմենպրես»-ը։
«Մենք ուրախ ենք տեսնել ընկերությանը, որը հրաշալի վարդեր է արտադրում և արտահանում եվրոպական երկրներ։ Լատվիայի դեսպանի, Հայաստանի իշխանությունների և մեր գործընկերների հետ միասին աջակցում ենք այս գործընթացին»,- նշել է Մարագոսը
Նա հավելել է, որ Լատվիան հայկական ծաղիկների համար միակ ուղղությունը չէ, և արդեն աշխատանքներ են տարվում Նիդեռլանդների հետ համագործակցության ուղղությամբ։
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն իր հերթին նշել է, որ արտահանման առաջին խմբաքանակի ուղարկումը խորհրդանշական և կարևոր քայլ է Հայաստանի ու Եվրամիության տնտեսական հարաբերությունների զարգացման տեսանկյունից։
Նա նաև ընդգծել է, որ այս գործընթացը համընկել է Լատվիայի և Հայաստանի միջև ուղիղ ավիաչվերթերի մեկնարկի հետ, ինչը լրացուցիչ խթան կհանդիսանա երկկողմ կապերի զարգացման համար։
ՀՀ-ում Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպան Էդիտե Մեդնեն ևս ընդգծել է, որ վերջին ամիսներին հայ-լատվիական հարաբերություններում նկատվում է ակտիվացում։
«Ուղիղ չվերթերը հնարավորություն կտան եվրոպացի գործարարներին այցելել Հայաստան, ծանոթանալ երկրի տնտեսական հնարավորություններին և մշակույթին»,- ասել է Մեդնեն։
Հայաստանից ՌԴ արտադրանքի մատակարարումների սահմանափակումների մասին
Ռոսսելխոզնադզորը ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Հայաստանից մի շարք արտադրանքի ներմուծման վրա՝ որպես պատճառ նշելով «ԵԱՏՄ և Ռուսաստանի բուսասանիտարական պահանջների հաճախակի դարձած խախտումները»:
Սահմանափակումները մայիսի 22-ից անդրադարձել են ծաղկային և պարենային արտադրանքին, մայիսի 30-ից՝ թարմ լոլիկին, վարունգին, պղպեղին, կանաչեղենին և ելակին, հունիսի 2-ից՝ թարմ խաղողին և կորիզավոր պտուղներին (բալ, կեռաս, ծիրան, սալոր, դեղձ և նեկտարին):
Նաև Ռոսսելխոզնադզորում հայտարարել են, որ հունիսի 2-ից հայկական կողմը պետք է դադարեցնի կենդանի ձկան և ձկնամթերքի անասնաբուժական սերտիֆիկացումը ռուսաստանյան ստացողների հասցեով հայկական բոլոր ընկերություններից, բացառությամբ տեսչական ստուգում անցած երկու ձեռնարկությունների:
Բացի այդ, Ռոսպոտրեբնադզորը կասեցրել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների, ինչպես նաև հայկական երեք արտադրողների գինու և կոնյակի ներմուծումն ու շրջանառությունը Ռուսաստանում:
Բացի այդ, Ռոսսելխոզնադզորը 2026 թվականի հունիսի 3-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ծագող և առաքվող հնդավոր մշակաբույսերի պտուղների, սմբուկի, կարտոֆիլի և չորացրած մրգերի ներմուծման, ինչպես նաև նշված մթերքների՝ ԵԱՏՄ անդամ պետություններ տարանցման վրա: