Կրկին վերահաստատում եմ ԵՄ համերաշխությունը Հայաստանին՝ Ռուսաստանի կողմից աճող տնտեսական ճնշումների ֆոնին․ ԵՄ հանձնակատար
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի․/ԱՌԿԱ/․ Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը արդյունավետ է անվանել նախօրեին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ ունեցած հեռախոսազրույցը և հայտարարել, որ կրկին վերահաստատել է ԵՄ համերաշխությունը Հայաստանին՝ Ռուսաստանի կողմից աճող տնտեսական ճնշումների ֆոնին։
«Մենք դիտարկում ենք կարճաժամկետ հեռանկարում ԵՄ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցության ավելացման միջոցները։ Մենք նաև կարագացնենք աշխատանքը Հարավային Կովկասի հետ և տարածաշրջանի ներսում առևտրային ու էներգետիկ կապերի ամրապնդման ուղղությամբ՝ աջակցելով մերձավոր հարևանների հետ Հայաստանի տնտեսական կապերին», - X-ի իր էջում գրել է Կոսը։
Նրա խոսքով՝ Հայաստանը ինքնիշխան ու անկախ պետություն է, իսկ նրա ժողովուրդն ազատ է երկրի զարգացման ուղու ընտրության մեջ։
Ինչպես ավելի վաղ հայտնել են ՀՀ ԱԳՆ–ից, Արարատ Միրզոյանն ու Մարթա Կոսը հունիսի 2–ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության տնտեսական բաղադրիչի խթանմանը, այդ թվում՝ ապրանքաշրջանառության ավելացմանն ուղղված մեխանիզմների շրջանակը:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացմանն ուղղված ծրագրերին, ինչպես նաև ժողովրդավարական դիմակայունության շարունակական ամրապնդմանն ուղղված փոխգործակցությանը՝ որպես ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի մաս: