Рейтинг@Mail.ru
USD
368.59
EUR
428.71
RUB
4.9615
GEL
138.36
2026 թ. հունիսի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+27

Կառավարությունը կփոխհատուցի դեպի ԵՄ, Մեծ Բրիտանիա և Կանադա թարմ պտուղ-բանջարեղենի և ծաղիկների արտահանման մաքսատուրքերը

Այսօր, 15:23
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց ՀՀ ծագում ունեցող թարմ պտուղ-բանջարեղենի և ծաղիկների արտահանման խթանման ծրագիրը դեպի ԵՄ երկրներ, Մեծ Բրիտանիա և Կանադայի շուկաներ մաքսատուրքերի փոխհատուցման միջոցով
Կառավարությունը կփոխհատուցի դեպի ԵՄ, Մեծ Բրիտանիա և Կանադա թարմ պտուղ-բանջարեղենի և ծաղիկների արտահանման մաքսատուրքերը

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց ՀՀ ծագում ունեցող թարմ պտուղ-բանջարեղենի և ծաղիկների արտահանման խթանման ծրագիրը դեպի ԵՄ երկրներ, Մեծ Բրիտանիա և Կանադայի շուկաներ մաքսատուրքերի փոխհատուցման միջոցով։

Ինչպես նշեց էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը, թարմ պտուղ-բանջարեղենի և ծաղիկների արտահանման ծրագիրը գործում է 2025 թվականի փետրվարի 1-ից և արդեն ապահովել է արտահանման ծավալների միջինում 15% աճ։

«2025 թվականին ծրագրի շրջանակում օժանդակություն ստացած հիմնական ապրանքային խմբերից, օրինակ՝ պահածոներ, հյութեր, սննդամթերքի այլ տեսակներ, աճը եղել է շուրջ 40%», — ասաց փոխնախարարը։

Խոջոյանի խոսքով՝ մինչ այժմ ծրագիրը տարածվում էր միայն վերամշակող արդյունաբերության արտադրանքի վրա։

Համաձայն ծրագրի՝ դեպի ԵՄ, Մեծ Բրիտանիա և Կանադա թարմ պտուղ-բանջարեղենի և ծաղիկների արտահանման դեպքում պետությունը արտահանողներին ամբողջությամբ փոխհատուցելու է այդ երկրներում վճարված մաքսատուրքերը։

Ավելի վաղ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ նախատեսվում է նաև վերադարձնել ԵՄ մատակարարվող թարմ պտուղ-բանջարեղենի ու ծաղիկի մաքսատուրքը:

Հայաստանից ՌԴ արտադրանքի մատակարարումների սահմանափակումների մասին

«Ռոսսելխոզնադզոր»-ը մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Հայաստանից ծաղկային և պարենային արտադրանքի ներմուծման նկատմամբ՝ մինչև ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հրավերով ռուս մասնագետների մասնակցությամբ տեսչական ստուգումների ավարտը։

Նաև «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտարարել էր դժգոհությունների մասին՝ կապված Հայաստանից ՌԴ մատակարարվող մրգի և բանջարեղենի հետ։

Բացի այդ, Ռոսպոտրեբնադզորը կասեցրել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների, ինչպես նաև հայկական երեք արտադրողների գինու և կոնյակի ներմուծումն ու շրջանառությունը Ռուսաստանում։

«Ռոսսելխոզնադզոր»-ը 2026 թվականի մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Հայաստանից ծագող և առաքվող թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներմուծման նկատմամբ՝ մինչև առաքվող արտադրանքի անվտանգության ապահովման համապատասխան ալգորիթմի մշակումը։