Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-4

Հայաստանը կարող է տարեկան մինչև 300 հազար տոննա թառափ և իշխան արտադրել

14.03.2014, 15:03
Հայաստանի ձկնաբույծների ասոցիացիայի նախկին ղեկավար, «Ակվատեխավտոմատիկա» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Արկադի Գևորգյանի բացառիկ հարցազրույցը «ԱՌԿԱ» գործակալությանը
Հայաստանը կարող է տարեկան մինչև 300 հազար տոննա թառափ և իշխան արտադրել
Հայաստանի ձկնաբույծների ասոցիացիայի նախկին ղեկավար, «Ակվատեխավտոմատիկա» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Արկադի Գևորգյանի բացառիկ հարցազրույցը «ԱՌԿԱ» գործակալությանը

«ԱՌԿԱ» – Պարոն Գևորգյան, 2008–2012 թթ.–ին Դուք գլխավորել եք Հայաստանի ձկնաբույծների ասոցիացիան։ Բացի այդ, այսօր ևս զբաղվում եք ձկան բիզնեսով, այդ պատճառով Դուք պետք է ներսից տեղյակ լինեք այդ ոլորտում տիրող իրավիճակին։ Ձեր կարծիքով` ինչպե՞ս է զարգացել Հայաստանի ձկնաբուծական ոլորտը վերջին տարիներին։

Ա. Գևորգյան– Մինչև այս ոլրտում տիրող իրավիճակը ներկայացնելը, ես կցանկանայի հայացք նետել դեպի անցյալ։ Խորհրդային տարիներին Հայաստանում ամեն տարի արտադրվում էր մոտ 8–12 հազար տոննա ծածան, իսկ իշխանի արտադրության ծավալը 80–ականների վերջին արդեն հասնում էր 400 տոննայի։ 

Ճիշտ է, այն տարիներին թառափի բուծման զարգացման փորձեր եղան, սակայն դրանք անհաջող ավարտվեցին։ Այնուհետև, 90–ականներին ոլորտում արտադրության անկում գրանցվեց, որը պայմանավորված էր ընդհանուր տնտեսական պայմաններով, որն ավարտվեց 1995 թ.–ին, երբ օրինակ իշխանի արտադրության ծավալը սկսեց կազմել 20–30 տոննա, իսկ 2000 թ.–ին այդ ցուցանիշն արդեն հասավ 700–800 տոննայի։ Աստիճանաբար թառափի բուծման զարգացում սկսվեց, և 2006–2007 թթ.–ին հանրապետությունում արտադրվում էր մոտ 3–3,5 հազար տոննա իշխան և թառափ։ 2010 թ.–ին ձկնարտադրության ծավալն արդեն կազմեց 6 հազար տոննա, 2011 թ.–ին` մոտ 8 հազար տոննա, իսկ 2012–2013 թթ.–ին այդ ցուցանիշը հասավ մոտ 11 հազար տոննայի։ 

«ԱՌԿԱ» – Հայաստանի պետեկամուտների կոմիտեի տվյալների համաձայն` 2013 թ.–ին Հայաստանն արտահանել է մոտ 2,3 հազար տոննա թարմ և սառեցված ձուկ։ Չէի՞ք ասի, թե որ երկրներ ենք մենք արտահանում մեր ձուկը, և էլ ո՞վ կարող էր մեր արտադրանքի պոտենցիալ գնորդ դառնալ։ 

Ա. Գևորգյան – Այսօրվա դրությամբ հայկական ձկան հիմնական ներկրող երկիրը Ռուսաստանն է, ևս մի փոքր մաս ներկրվում է Վրաստան, ԱՄԷ, ԱՄՆ և Կանադա։ Չնայած, որ ռուսական շուկան շատ հետաքրքիր է, արտահանման հարցում մենք չպետք է հույսներս դնենք միայն նրա վրա, հարկավոր է սպառման շուկայի ընդլայնման միջոցներ ձեռնարկել, մասնավորապես, արտահանվող արտադրանքի բարձր որակի ապահովման հաշվին։ Իսկ ինչ վերաբերում է այն երկրներին, որոնց կարող է հետաքրքրել մեր ձուկը, ապա, իմ կարծիքով, դրանք են ԵՄ երկրները, ինչպես նաև Չինաստանը, Ճապոնիան և Մալազիան։  

«ԱՌԿԱ» – Դատելով Ձեր խոսքերից` հայկական ձուկը շատ պահանջված է ռուսական շուկայում։ 
 
Ա. Գևորգյան –  Դեղին իշխանի և կարմրախայտի, ինչպես նաև թառափի արտահանման հարցում ռուսական շուկայում Հայաստանը, կարելի է ասել, մենաշնորհային դիրք է զբաղեցնում, քանի որ այդ ձկնատեսակների հարցում մենք այնտեղ մրցակիցներ չունենք։ Իսկ ինչ վերաբերում է ծիածանափայլ իշխանին, ապա այստեղ մեզ հետ մրցում են Ռուսաստանն ու Նորվեգիան, որոնց հիմա ակտիվորեն միանում է նաև Թուրքիան։ Հայաստանից Ռուսաստան ձկան մատակարարման մեծ մասը, որն այսօրվա դրությամբ տարեկան կազմում է ավելի քան 2,2 հազար տոննա, ապահովվում է նաև Հայաստանի սննդամթերքի անվտանգության պետական ծառայության և Ռոսսելխոզնադզորի միջև գոյություն ունեցող համագործակցության շնորհիվ։ 

Միաժամանակ, չնայած ռուսական շուկայում հայկական ձկան նկատմամբ գոյություն ունեցող պահանջարկին, մենք պետք է այնտեղ ավելի շատ ամրապնդենք մեր դիրքերը, առաջին հերթին, արտահանվող արտադրանքի որակի բարձրացման հաշվին, հակառակ դեպքում մենք կարող ենք կորցնել այդ շուկան։  

«ԱՌԿԱ» – Իսկ ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ձկնաբուծական ոլորտի զարգացման հեռանկարները։ 

Ա. Գևորգյան – Ժամանակին Հայաստանի ձկնաբույծների ասոցիացիան երկրում ձկնաբուծության զարգացման ծրագիր էր մշակել և հաշվարկել էր, որ համապատասխան ֆինանսավորման և սպառման շուկաների ապահովման դեպքում Հայաստանում իշխանի և թառափի տարեկան արտադրությունը կարող է հասնել 300 հազար տոննայի, ինչը դրամական արտահայտությամբ կազմում է տարեկան մոտ 2–2,5 մլրդ դոլար։ Ընդ որում հանրապետությունում գոյություն ունեցող ջրային ռեսուրսների նպատակային օգտագործման դեպքում արտադրության ծավալները կարող են ավելի շատ լինել։ 

«ԱՌԿԱ» – Իսկ ինչպե՞ս կարելի է հասնել նման բարձր արդյունքների

Ա. Գևորգյան – Բարձր ցուցանիշների հասնելու համար, առաջին հերթին, հարկավոր է մշակել ձկնաբուծության զարգացման ազգային ծրագիր մինչև 10 տարի ժամկետով և ձևավորել համապատասխան իրավական դաշտ, որն իր հերթին կնպաստի այս ոլորտ երկարաժամկետ ներդրումների ներհոսքին։ Սակայն գլխավոր խնդիրը ձկնաբույծների և կառավարող որոշ մարմինների միջև հակասությունների հաղթահարումն է, որոնք իրենց որոշումներով հաճախ ճնշում են հանրապետությունում ձկնաբուծության զարգացումը։ 

Հանրապետությունում արտադրվող ձկան ծավալների ավելացմանը կարող է նպաստել նաև արտադրության ճիշտ կազմակերպումը, որի դեպքում մեկ խորանարդ մետր ջրում տարեկան հնարավոր կլինի արտադրել շուրջ 100–120 կգ ձուկ, այն դեպքում, երբ հիմա մեր ձկնաբույծներին հաջողվում է տարեկան ստանալ միջինը միայն 10–15 կգ ձուկ։ 

Բացի այդ, տվյալ նպատակին հասնելու համար ծիածանային տնտեսությունները կարելի է վերածել թառափային տնտեսությունների, որոնք, ինչպես հայտնի է, ավելի պահանջված են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում, ինչպես նաև կարելի է գործարկել Հայաստանում գոյություն ունեցող տեր չունեցող ջրային ռեսուրսները։ 

«ԱՌԿԱ» – Հայաստանի կառավարության կարգադրությամբ` բոլոր ձկնաբուծական ֆերմաները առաջիկա մեկուկես տարվա ընթացքում պետք է անցնեն ջրամատակարարման կիսափակ ցիկլային ռեժիմի` նոր տեխնոլոգիաների հիման վրա։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս որոշումը։ 

Ա. Գևորգյան– Իրական չէ ստիպել ձկնաբուծական ֆերմաներին մեկուկես–երկու տարվա ընթացքում անցնել նոր ցիկլի։ Պետք է նրանց ժամանակ տալ և համապատասխան պայմաններ ստեղծել նոր համակարգին անցնելու համար։ Այս համատեքստում ես հնարավորություն ունեի զրուցել դանիացի արտադրողների և պաշտոնյաների հետ, և նրանք հայտնեցին, որ իրենց մոտ անցումը տևեց 10 տարի, և դա այն դեպքում, երբ նրանք չունեն ֆինանսական խնդիրներ, իսկ գոյություն ունեցող ռեսուրսները ավելի հասանելի էին։ Կարծում եմ, որ Հայաստանում ևս որոշակի ժամանակ է հարկավոր ձկնաբուծական տնտեսություններում այս համակարգի աստիճանական ներդրման համար։ 

Մյուս կողմից ես մտավախություն ունեմ, որ նոր համակարգի ներդրումը կարող է հանգեցնել ոլորտի մենաշնորհացման, քանի որ տեխնիկայի թանկությունը հարվածի տակ կդնի բազմաթիվ ձկնաբուծական տնտեսությունների գործունեությունը։ Բացի այդ, հարկավոր է հաշվի առնել այն, որ ջրամատակարարման կիսափակ ցիկլային ռեժիմին անցնելը բացասաբար կազդի ձկան որակի վրա ջրի բազմակի օգտագործման պատճառով։ Միաժամանակ հենց մեր արտադրության որակն է Հայաստանի հիմնական մրցակցային առավելությունը արտաքին շուկայում։ 

«ԱՌԿԱ» – Իսկ այսօրվա դրությամբ Հայաստանում քանի՞ ձկնաբուծական տնտեսություն է գործում

Ա. Գևորգյան – Կար շուրջ 300, սակայն 2013 թ.–ին նրանցից մոտ 50–60–ը ստիպված էին փակվել մասամբ բարձր ֆինանսական ծախսերի պատճառով, որոնք կապված են ջրամատակարարման կիսափակ համակարգի ներդրման անհրաժեշտության հետ։ –0–