«Նովոստի–Արմենիա»–ն 20 տարեկան է. զրույց գլխավոր տնօրեն Գալինա Դավիդյանի հետ՝ վստահության, իմաստների և լրագրության ապագայի մասին
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Դեկտեմբերի 8-ին «Նովոստի-Արմենիա» գործակալությունը կդառնա 20 տարեկան։ Այս տարիների ընթացքում խմբագրությունն անցել է երկար ճանապարհ՝ դասական լրատվական գործակալությունից վերածվելով բազմահարթակ և բազմաձևաչափ մեդիա համակարգի։
Ինչպե՞ս է փոխվել լրագրության փիլիսոփայությունը, ի՞նչ են սովորեցրել այս 20 տարիները և ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում լրագրության մեջ առաջիկա հինգ տարիներին, այս ամենի մասին զրուցել ենք գործակալության գլխավոր տնօրեն Գալինա Դավիդյանի հետ։
«ԱՌԿԱ»․ 20 տարին այն ժամանակահատվածն է, երբ կարելի է ոչ միայն ամփոփել արդյունքները, այլև հասկանալ օրինաչափությունները։ Եթե ձեզ անհրաժեշտ լիներ նշել մեկ հիմնարար օրենք, որը միշտ գործում է լրագրության մեջ, ո՞րը կլիներ ։
Գ. Դավիդյան․ ճշմարտացի լինել։ Ճշմարտությունը միշտ ավելի երկար է ապրում, քան սենսացիան։ Այն դանդաղ է տարածվում, բայց հենց նա է, որ տարիների ընթացքում ձևավորում է մեդիայի համբավն ու կայունությունը։ Արագությունը կարող է կարճատև փայլել, բայց միայն ճշմարտոտւթյունն է ստեղծում վստահություն, իսկ դա այն միակ կապիտալն է, որն անհնար է վերականգնել փլուզվելուց հետո։
«ԱՌԿԱ»․ հիշո՞ւմ եք 2005 թվականի այն պահը, երբ առաջին անգամ հասկացաք, որ «Նովոստի-Արմենիա»-ն պարզապես գործակալություն չէ, այլ՝ աշխարհայացք։ Ի՞նչ պահ էր դա։
Գ. Դավիդյան․ երբ առաջին անգամ տեսանք, որ մեր կողմից առավոտյան հրապարակված լուրը որոշ ժամանակ անց արդեն մեջբերվում է համաշխարհային և տարածաշրջանային ԶԼՄ-ներում՝ որպես փաստարկ, որպես փաստ։ Այդ պահին ակնհայտ դարձավ՝ մենք զբաղվում ենք ոչ թե պարզապես «նյութեր տեղադրելով», այլ ազդում ենք իրականության վրա։ Մենք օգնում ենք հասկանալ, թե ինչ է կատարվում մեր շուրջը, ձևավորում ենք հանրային կարծիք, կարող ենք ազդել հասարակության մեջ տեղի ունեցող փոփոխությունների վրա։
«ԱՌԿԱ»․ 20 տարվա ընթացքում Հայաստանը վերապրել է քաղաքական ճգնաժամեր, պատերազմներ, պարադիգմների փոփոխություններ, թվային հեղափոխություններ։ Ո՞ր իրադարձությունները դարձան ձեզ համար մասնագիտորեն ամենա֊բեկումնայինը, երբ խմբագրությունն իրականում փոխել է մոտեցումները։
Գ. Դավիդյան․ 2020 թվականի պատերազմը։ Այն ժամանակ անհետացավ «հավաքում - ճշգրտում - հրապարակում» գծային տրամաբանությամբ աշխատելու հնարավորությունը։ Դա մեզ ստիպեց ներդնել վերիֆիկացիայի նոր ընթացակարգեր, աղբյուրների նոր ստանդարտներ, գիշերային աշխատանքի նոր պրոտոկոլներ։ Բացի այդ, տեղեկատվական պանդեմիան COVID-ի շուրջ։ Այն ցույց տվեց, որ մեդիան հաճախ պայքարում է ոչ թե ֆեյքի, այլ խուճապի դեմ։
«ԱՌԿԱ»․ եթե պատկերացնենք, որ գործակալությունը պետք է աշխատեր միայն մեկ փիլիսոփայությամբ՝ «լինել առավելագույնս արագ» կամ «լինել առավելագույնս ճշգրիտ»՝ ո՞րը կընտրեիք։ Եվ ինչո՞ւ։
Գ. Դավիդյան․ ճշգրիտը։ Արագությունը հարթակի առավելությունն է։ Ճշգրտությունը գործակալության առավելությունն է։ Եվ եթե ընտրելու լինենք, մենք ընտրում ենք ճշգրտությունն ու արժանահավատությունը՝ որպես լրատվական տեքստի չափանիշ, ոչ թե ալգորիթմ։
«ԱՌԿԱ»․ ի՞նչն եք համարում ավելի կարևոր լուրերում այսօր՝ փա՞ստը, թե՞ կոնտեքստը։
Գ. Դավիդյան․ փաստը։ Բայց փաստն առանց կոնտեքստի այսօր կորցնում է իմաստը։ Կոնտեքստը մեկնաբանություն չէ։ Կոնտեքստը կոորդինատ համակարգ է, որի շնորհիվ ընթերցողը հասկանում է տեղի ունեցողի մասշտաբը և դրա հետևանքները։
«ԱՌԿԱ»․ գործակալության պատմությունը մարդկանց պատմությունն է։ Ո՞ր խմբագրական հատկանիշներն եք համարում բնածին, որոնք ենթակա չեն ուսուցման։ Այսինքն՝ կա՛մ դրանք կան, կա՛մ չկան։
Գ. Դավիդյան․ ազնվությունը։ Ինտելեկտը կարելի է զարգացնել։ Օրինակ՝ կարդալ գրքեր, սովորել լեզուներ, զարգացնել քննադատական մտածողություն, շփվել խելացի մարդկանց հետ և այլն։ Ի վերջո, հմտությունները կարելի է բարելավել։ Բայց ազնվությունը հմտություն չէ, այլ՝ որակ։ Կա՛մ այն կա, կա՛մ՝ չկա։
«ԱՌԿԱ»․ քեյսային հարց. խմբագրությունը ստանում է էքսկլյուզիվ նյութ, որը վաղը կփոխի լրատվական օրակարգը, բայց վերիֆիկացիան պահանջում է ևս ամենաքիչը 6 ժամ։ Ձեր որոշո՞ւմը։
Գ. Դավիդյան․ խմբագրությանը 6 ժամ եմ տալիս։ Եթե մենք հրապարակում ենք ավելի շուտ և սխալվում, ապա ստիպված կլինենք 6 տարի բացատրել, թե ինչու այդպես ստացվեց։ Եթե հրապարակում ենք ավելի ուշ, բայց ճշգրիտ, ապա դա ընդամենը 6 ժամվա կորուստ է։
«ԱՌԿԱ»․ շատերն ասում են՝ նյուսմեյքերները ստեղծում են իրադարձություններ, խմբագրությունները միայն հաղորդում են։ Համաձա՞յն եք, որ երբեմն մեդիան ձևավորում է իրականություն, ոչ թե միայն նկարագրում է այն։
Գ. Դավիդյան․ այո՛։ Բայց ոչ ամբողջ իրականությունը։ Մեդիան ձևավորում է ուշադրության հորիզոնը։ Իսկ ուշադրությունը փոխում է քաղաքականության, բիզնեսի, հասարակության առաջնահերթությունները։ Ուստի մեդիան ոչ միայն նկարագրում է իրականությունը, այլ ընտրում է, թե իրականության որ մասն ունի լսելի և տեսանելի լինելու իրավունք։
«ԱՌԿԱ»․ եթե ժամանակակից ընթերցողը տեսներ Newsarmenia.am-ի 2005–2025 թվականների արխիվը, ի՞նչ էմոզիա կցանկանայիք, որ նա զգար։
Գ. Դավիդյան․ լավ հարց է։ Հարգանք։ Որպեսզի նա տեսներ ոչ թե պարզապես լուրերի ինչ-որ ցիկլեր, այլ երկրի հասունացման ժամանակագրություն։
«ԱՌԿԱ»․ լրատվական գործակալությունը միշտ ունի ակնհայտ չափորոշիչ՝ լսարան, ընդգրկումներ։ Իսկ կա՞ արդյոք չափորոշիչ, որը դուք անձամբ եք ընդունում, բայց այն ընդհանրապես թիվ չէ։
Գ. Դավիդյան․ երբ նյուզմեյքերը գալիս է մեզ մոտ ոչ թե այն պատճառով, որ ընդգրկում է պետք, այլ որովհետև նա ուզում է ազնվորեն լսելի լինել։
«ԱՌԿԱ»․ իսկ ի՞նչ է ձեզ համար «լուրը», եթե հանենք ամբողջ ֆորմալությունն ու ժանրերը։ Ո՞րն է ձեր ներքին սահմանումը։
Գ. Դավիդյան․ լուրը նոր իմաստ է, որը փոխում է փաստի ընկալումը։ Դա շատ ավելին է, քան տեղի ունեցած կամ կանխատեսվող իրադարձությունների պարզ ցուցակը։ Լուրերն ազդում են մեր կյանքի վրա ամենաուղիղ ձևով, կարող են փոխել մեր պատկերացումները մեր շուրջը կատարվող ամեն ինչի մասին, ընդհուպ մինչև առողջություն և ողջ երկրի տնտեսություն։ Լուրը մարդու գիտակցության վրա ազդելու հզոր գործոն է։
«ԱՌԿԱ»․ կարո՞ղ եք նկարագրել լրատվական գործակալության կատարյալ մոդելը 5 տարի հետո։ Ինչպիսի՞ն պետք է լինի այն, որպեսզի ոչ թե պարզապես գոյատևի, այլ լինի առաջատար։
Գ. Դավիդյան․ հիբրիդային՝ ԱԲ + խմբագրություն + վերլուծություն։ Որտեղ ԱԲ-ն կատարում է առաջնային ֆիլտրումը, լրագրողն ապահովում է բովանդակությունն ու իմաստը, իսկ վերլուծությունը՝ խորությունը։ Գործակալությունը պետք է դառնա ոչ թե պարզապես «ժապավեն», այլ իմաստների համակարգ, օրինակ՝ հաղորդակցական, էքզիստենցիալ, ճանաչողական և այլն։
«ԱՌԿԱ»․ ԱԲ-ն արդեն ձևափոխել է լրագրողների աշխատանքը։ Որտե՞ղ է այն եզրագիծը, որից հետո ԱԲ-ն կփոխարինի լրագրողին, և որտե՞ղ՝ երբեք չի կարողանա։
Գ. Դավիդյան ․ արհեստական բանականությունը կփոխարինի առօրյա աշխատանքը՝ հավաքում, ֆիլտրում, սևագրային կառուցվածք։ Բայց այն երբեք չի կարողանա փոխարինել մարդկային ինտուիցիան, այն բանի ըմբռնումը, թե «ինչն է կարևոր» և «ինչու է դա կարևոր հիմա»։ Արհեստական բանականությունն իսկապես գլխավոր մարտահրավերն է լրագրության համար։ Մոտակա տարիներին մասնագիտությունը պետք է ապացուցի, որ տեխնոլոգիաները պարզապես միջոց են, ոչ թե իմաստ։ Որովհետև մի աշխարհում, որտեղ տեքստը կարող է ստեղծել ցանկացած մեկը, գլխավոր արժեքը դառնում է նա, ով պատասխանատու է բառի համար։
«ԱՌԿԱ»․ քեյսային հարց. պատկերացնենք, որ խմբագրություն են գալիս երկու խմբագիր՝ մեկը հանճարեղ վերլուծաբան է, երկրորդը՝ կատարյալ լրագրող։ Բյուջեն միայն մեկի համար է։ Ո՞ւմ կընտրեք և ինչո՞ւ։
Գ. Դավիդյան․ կատարյալ լրագրողին։ Վերլուծաբանին կարելի է մեծացնել։ Փաստ ձեռք բերելու ունակությունն առաջնային հիմքն է։
«ԱՌԿԱ»․ ո՞րն է այն ամենակարևոր դասը 20 տարվա ընթացքում, որը կցանկանայիք փոխանցել երիտասարդ խմբագրին, ով 2025 թվականին նոր է մուտք գործում մասնագիտություն։
Գ. Դավիդյան․ գնահատիր քո հեղինակությունը և գործակալության հեղինակությունը մասնագիտության առաջին իսկ րոպեից։
«ԱՌԿԱ»․ ինչն է ձեզ համար անձամբ ամենաարժեքավորն այս 20 տարիների ընթացքում ոչ թե որպես ղեկավարի, այլ որպես մարդու։
Գ. Դավիդյան․ որ դա միայնակ մարդու ճանապարհ չէր, այլ թիմի ճանապարհ։
«ԱՌԿԱ»․ եթե կարողանայիք մեկ հարց տալ Newsarmenia.am-ի ընթերցողներին և լսել ազնիվ պատասխանը, ի՞նչ հարց կտայիք։
Գ. Դավիդյան․ այսօր անձամբ ձեզ համար ի՞նչ է նշանակում վստահություն մեդիայի նկատմամբ, և ինչպե՞ս պետք է այն պահպանել։