Ադրբեջանը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ Իսրայելին աջակցելու համար․ իրանցի վերլուծաբանի զգուշացումը
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Իրանցի վերլուծաբան Ալի-Ռեզա Թաղավինիան իրանական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում զգուշացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն, որ նրա արհեստածին կազմավորումը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ, քանի որ ռազմակայան է տրամադրել իսրայելական ԱԹՍ-ների համար, օժանդակում է հակաիրանական անջատողականներին և հավակնում է Իրանի ինքնիշխան տարածքներին։
Այս մասին իր Telegram–ի իր ալիքում հայտնել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։
«Արհեստածին Ադրբեջանի տարածքում հակաիրանական նպատակներով գործող ռազմակայանների մասին տեղեկատվությունը տարածվել է ոչ միայն սոցիալական ցանցերի պարսկալեզու տիրույթում, այլ նաև իրանական հեռուստաալիքներով», – գրել է Ոսկանյանը։
Նրա խոսքով, իրանական «Մասաֆ» ուղեղային կենտրոնի ղեկավար, Իրանի Իսլամական հեղափոխության պահապնների կորպուսին մոտ կանգնած վերլուծաբան Ալի-Աքբար Ռայեֆիփուրը X-ի (նախկին Թվիթեր) միջոցով գրառում է կատարել այն մասին, որ Իսրայելի բարեկամ Բաքվի բարբարոսական վարչախումբը համաձայնել է Իրանի դեմ օդային հարձակումների համար «ազատ աշխարհին» տրամադրել այս պետության հետ սահմանին մոտ գտնվող երեք ռազմակայան։
Իրանագետը նշել է, որ եթե նույնիսկ այս տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, ապա նման քարոզչական հոսքի ապահովումն իսկ իրանցի ոչ անհայտ վերլուծաբանի կողմից չի կարող պատահական համարվել և լուրջ զգուշացում է արհեստածին Ադրբեջանին։