Հայաստանն ու Ադրբեջանը Ստամբուլում քննարկել են խաղաղությունը, առևտուրն ու երկխոսության շարունակությունը
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի․ /ԱՌԿԱ/․ Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի շրջանակում ապրիլի 17-ին Ստամբուլում կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների նախագահների երկկողմ հանդիպումը, հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում գոհունակությամբ արձանագրվել են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման շրջանակներում վերջին գործընթացները՝ ներառյալ խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված քայլերը, ինչպես նաև առևտրային կապերի հաստատումն ու ընդլայնումը:
Զրուցակիցները ընդգծել են Միջխորհրդարանական միության դերը՝ որպես միջխորհրդարանական համագործակցության կարեւոր հարթակ: Այս համատեքստում կողմերը բարձր են գնահատել ու երախտագիտություն հայտնել Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին՝ Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների նախագահների միջեւ երկխոսության ձևավորման ուղղությամբ նրա անձնական ջանքերի համար:
Խորհրդարանների նախագահները դրական են գնահատել միջազգային կազմակերպությունների շրջանակներում խորհրդարանական պատվիրակությունների միջև շփումները, որոնք սկսվել են 2025 թվականի հոկտեմբերին Ժնևում կայացած նրանց հանդիպումից հետո, և պայմանավորվել են շարունակել այդ շփումները:
Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների նախագահներն ընդգծել են կառուցողական խորհրդարանական երկխոսության շարունակման կաևորությունը՝ երկու հասարակությունների միջև վստահության հետագա ամրապնդման համար:
Նշենք, որ Ստամբուլում ընթացող Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը։