Рейтинг@Mail.ru
USD
398.84
EUR
412.8
RUB
3.9992
GEL
139.95
2025 թ. հունվարի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-10

Անդրանիկ Քոչարյան. «Էվազլար հատվածում Ադրբեջանի ոստիկանական ուժերի գործողությունները չեն տեղավորվում սահմանային խնդիրների տրամաբանության շրջանակում»

17.09.2021, 15:25
Քոչարյանը նաև նշել է, որ Իրանն ու Ադրբեջանը պետք է ճշտեն այդ գործողությունները մաքսայի՞ն են, թե՞ ապօրինի
Անդրանիկ Քոչարյան. «Էվազլար հատվածում Ադրբեջանի ոստիկանական ուժերի գործողությունները չեն տեղավորվում սահմանային խնդիրների տրամաբանության շրջանակում»

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Սյունիքում ստեղծված բարդ իրավիճակին։

Նշենք, որ վերջին շաբաթվա ընթացքում լարված իրավիճակ է ստեղծվել Երևան–Մեղրի մայրուղու վրա, որով անցնում են իրանական բեռնատարները` ուղևորվելով երրորդ երկրներ։ Սյունիքի մարզի Որոտան գյուղի մոտ` Էյվազլի տեղանքում, Ադրբեջանը տեղադրել է ոստիկանական հենակետ։ Ըստ ստացվող տեղեկությունների, ադրբեջանցիներն իրանցի վարորդներից պահանջում են իբր մաքսավճար մոտ 150 դոլարի չափով։ Սեպտեմբերի 12–ին ՀՀ ԱԱԾ–ն հայտարարություն է տարածել` նշելով, որ սեպտեմբերի ժամը 12։00-ից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողների կողմից համատեղ աշխատանքներ են իրականացվում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։

«Խոսքը Էվազլար ճանապարհահատվածի մասին է, որտեղ ադրբեջանական ոստիկանական ուժերը գործողություններ են իրականացրել վերջին օրերի ընթացքում, և այդ գործողությունները չեն տեղավորվում սահմանային խնդիրների տրամաբանության շրջանակներում», – ասաց Քոչարյանը։

Նրա խոսքով, ոստիկանության ուժերը կանգնեցնում են պարսկական մեքենաները և գումար են վերցնում պարսկական բեռնատարներից։

Ինչպես ընդծգեց Քոչարյանը, խոսքը վերաբերում է միայն իրանական մեքենաներին։

Քոչարյանն հարցադրում արեց. «Հիմա դա մաքսային գործողությու՞ն է, թե՞ ապօրինի գործողություն։ Իրանի և Ադրբեջանի միջև պետք ա ճշտեն այս գործողությունները տեղավորվում են որպես մաքսակետի գործողություններ, թե դրանք ապօրինի գործողություններ են»։

Քոչարյանը նշեց, որ հայկական սահմանապահ զորքերի, ադրբեջանական ուժերի և ռուս սահմանապահների տեղակայումը այդ հատվածում լուծում է, որպեսզի անվտանգության հետ կապված խնդիրներ չառաջանան։

«Չկրակենք իրար վրա մինչև որ մտնենք այն փուլ, որտեղ պետք է ճշտվեն սահմանային` դեմարկացիոն և դելիմիտացիոն խնդիրները», – եզրափակեց Քոչարյանը։

Նա նաև նշեց, որ այդ հատվածը շրջանցող ճանապարհի շինարարական աշխատանքները գնում են, իհարկե բարդություններ կան, բայց այսօր էլ Կապանից դեպի Գորիս Տաթևով շահագործվում է, այս պահին որևէ լարվածություն չկա, կուտակված հերթեր չկան, բայց դա չի նշանակում, որ ճանապարհի խնդիրը լուծված է։–0–