Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+5

ՀՀ ԱԳՆ–ն արձագանքել է Արցախի մասին Ալիևի հայտարարությանը

04.10.2019, 20:27
ՀՀ ԱԳՆ–ն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, որը նա արել է նախօրեին Սոչիում` «Վալդայ» համաժողովի ժամանակ։
ՀՀ ԱԳՆ–ն արձագանքել է Արցախի մասին Ալիևի հայտարարությանը
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ ԱԳՆ–ն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, որը նա արել է նախօրեին Սոչիում` «Վալդայ» համաժողովի ժամանակ։

Ալիևը «Վալդայ» համաժողովի նիստի ժամանակ պատասխանել է ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած բանաձևին այն մասին, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի ժողովուրդների համար։ Ալիևը հայտարարել է, որ «Ղարաբաղն ադրբեջանական տարածք է։ Այնպես որ Ղարաբաղն Ադրբեջան է և բացականչական նշան»։ Նրա խոսքով, ««Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ»  հասկացություն գոյություն չունի, կա Լեռնային Ղարաբաղի բնակչություն, որը մինչև հակամարտություն բաղկացած էր ադրբեջանական և հայկական բնակչությունից, որն ուներ հավասար իրավունքներ»։

«Ստիպված ենք արձանագրել, որ Ադրբեջանի նախագահի խոսքում որևէ նոր բան չկար: Ադրբեջանի որդեգրած առավելապաշտական դիրքորոշումը, որը մշտական և հիմնական վտանգ է հանդիսանում խաղաղ գործընթացի համար, շարունակում է անփոփոխ մնալ՝ չնայած կողմերի միջև ձեռք բերված վերջին պայմանավորվածություններին, որոնք ենթադրում էին ժողուվուրդներին խաղաղության նախապատրաստում», – նշվում է ՀՀ ԱԳՆ–ի տարածած հայտարարության մեջ։

ԱԳՆ–ն նաև նշում է, որ հենց այդ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հանձնառությունն առավել գործնական հարթություն բերելու նպատակին էր ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկված բանաձևը, համաձայն որի հանգուցալուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովորդների համար: 

Նշվում է, որ այս բանաձևն ուղղված է բոլոր կողմերի համար փոխզիջումների գաղափարն ընդունելի դարձնելուն,  խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման գործում հասարակություններին ներգրավմանը, ինչպես նաև իրենց ժողովուրդների առջև ղեկավարների պատասխանատվության և հաշվետվողականության ամրագրմանը:

«Պատասխանելով հայկական կողմի այս առաջարկությանը՝ Ադրբեջանի նախագահը որևէ հղում չկատարեց տարածաշրջանի ժողովուրդների համար խաղաղ կարգավորման անհրաժեշտությանը, այլև նույնիսկ կասկածի տակ դրեց սեփական պատմական հայրենիքում ապրող Արցախի ժողովրդի գոյության փաստը», – ընդգծել են ԱԳՆ–ից։

ԱԳՆ–ի հայտարարության մեջ նաև նշվում է, որ ԼՂ հիմնահարցում իր առավելապաշտական մոտեցման հիմնավորման համար Ադրբեջանը մշտապես գործի է դրել Արցախի և ընդհանրապես հայ ժողովրդի ապամարդկայնացման հռետորաբանություն:

«Այդ ապամարդկայնացման դրսևորումներից են Ադրբեջանի նախագահի կողմից Ռամիլ Սաֆարովի ներումը և հերոսացումը, Արցախի դեմ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի ժամանակ խաղաղ բնակչության և զինծառայողների հանդեպ իրականացված վայրագությունները, Արցախի՝ Ադրբեջանի օկուպացիայի տակ գտնվող տարածքների հայաթափումը և Ադրբեջանի տարածքում հայկական պատմական ներկայության և հետքի վերացումը», – հայտարարում է ՀՀ ԱԳՆ–ն։

Նշվում է, որ Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումները և Արցախի ժողովրդի ապամարդկայնեցումն անվտանգության գոյաբանական սպառնալիք են ստեղծում Արցախի ժողովրդի համար:

«Դրա արդյունավետ դիմակայումը համահայկական խնդիր է, ինչը լավագույնս ձևակերպված է Ստեփանակերտում օգոստոսի 5-ին Արցախի ժողովրդի առջև ՀՀ իշխանությունների ստանձնած հանձնառությամբ։ Հայաստանը վստահ է, որ խնդրի խաղաղ կարգավորումը և տարածաշրջանում ժողովրդավարության հաղթանակն այլընտրանք չունեն և այդ տեսակետից կարևորում է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հանձնառության իրականացումը», – նշված է ՀՀ ԱԳՆ–ի հայտարարության մեջ։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, օգոստոսի 5–ին ելույթ ունենալով Ստեփանակերտում, բազմաթիվ անգամ կրկնել է «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությունը։–0–