Рейтинг@Mail.ru
USD
368.78
EUR
431.73
RUB
5.0201
GEL
137.6
2026 թ. մայիսի 15, ուրբաթ
եղանակը
Երևանում
+17

ՀԾԿՀ-ն հաստատել է Հայկական ԱԷԿ-ի 2026 թ․-ի 9,2 մլն դոլար ծավալով ներդրումային ծրագիրը

13.05.2026, 15:25
ՀԾԿՀ-ն չորեքշաբթի կայացած նիստում հաստատել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի 2026 թ․-ի ներդրումային ծրագիրը
ՀԾԿՀ-ն հաստատել է Հայկական ԱԷԿ-ի 2026 թ․-ի 9,2 մլն դոլար ծավալով ներդրումային ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի/ԱՌԿԱ/   Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) չորեքշաբթի կայացած նիստում հաստատել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության (ՀԱԷԿ) 2026 թ․-ի ներդրումային ծրագրին՝ 3 404,5 մլն դրամ ծավալով՝ առանց ավելացված արժեքի հարկի։

«Ներդրումային ծրագիրն ուղղված է «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի տեխնիկական վերազինմանն ու արդիականացմանը, ինչպես նաև կայանի շահագործման կազմակերպման համար անհրաժեշտ այլ ուղղություններով իրականացվելիք ներդրումներին»,- նշված է ՀԾԿՀ Facebook-յան էջում տարածած հաղորդագրության մեջ։

ՀԱԷԿ-ն ապրիլի 1-ից ժամանակավորապես անջատվել է էներգահամակարգից՝ կայանի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի և կապիտալ պլանային-նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ) կապակցությամբ, որը կտևի 5 ամիս։

Հայաստանի իշխանությունները հայտարարել են, որ արդեն կողմնորոշվել են ապագա ատոմային կայանի տիպի հարցում՝ մոդուլային, իսկ կոնկրետ մոդելը կընտրվի մինչև 2027 թվականի վերջը։ Մեծամորի ԱԷԿ-ի գործող երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգվում է մինչև 2036 թվականը։

Հայկական ԱԷԿ–ի մասին

Հայկական ԱԷԿ-ը՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում միակ ատոմային էլեկտրակայանը, գտնվում է Մեծամոր քաղաքի մոտ՝ Երևանից մոտ 30 կմ դեպի արևմուտք։ Կայանը երկրի էլեկտրաէներգիայի հիմնական աղբյուրներից մեկն է՝ ապահովելով ընդհանուր արտադրության մինչև 40%-ը։

Գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թվականը, և աշխատանքներ են տարվում այն ևս 10 տարով կրկնակի երկարաձգելու ուղղությամբ։

Հայաստանի իշխանությունները ծրագրում են 8–10 տարվա ընթացքում կառուցել նոր ատոմակայան։ Ներկայումս ուսումնասիրվում են տարբեր տարբերակներ և ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Չինաստանի, Ռուսաստանի ու Հարավային Կորեայի գործընկերների փորձը։

Ավելի վաղ «Ռոսատոմի» գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Կիրիլ Կոմարովը, պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին, հայտարարել էր, որ կորպորացիան կարող է Հայաստանին առաջարկել 50-ից մինչև 1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ։ Նրա խոսքով՝ կա հնարավորություն, մասնավորապես, 50 ՄՎտ հզորությամբ բլոկներից «հավաքել» ցանկացած հզորության ռեակտոր։