Рейтинг@Mail.ru
USD
391.59
EUR
421.7
RUB
4.6712
GEL
141.37
2025 թ. մարտի 28, ուրբաթ
եղանակը
Երևանում
+19

ՀՀ Սահմանադրությունը մեր ներքին գործն է, որևէ կերպ կապված չէ խաղաղության գործընթացի հետ․ Ռուբինյանը պատասխանել է Հաջիևին

01.03.2024, 15:03
Ռուբինյանը նշել է, որ խաղաղության պայմանագիրը լավագույն միջոցն է երկու կողմերի համար՝ պարզաբանման և վստահ լինելու համար, որ երկրները միմյանցից տարածքային պահանջներ չունեն
ՀՀ Սահմանադրությունը մեր ներքին գործն է, որևէ կերպ կապված չէ խաղաղության գործընթացի հետ․ Ռուբինյանը պատասխանել է Հաջիևին
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի․/ԱՌԿԱ/․ ՀՀ Սահմանադրությունը մեր ներքին գործն է, որևէ կերպ կապված չէ խաղաղության գործընթացի հետ, հայտարարել է ԱԺ փոխնախագահ, հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը Անթալիայի դիվանագիտական ֆորումի ընթացքում։

«ՀՀ Սահմանադրությունը մեր ներքին գործն է, որևէ կերպ կապված չէ խաղաղության գործընթացի հետ։ Հայաստանը տարածքային պահանջներ չունի Ադրբեջանից։ Մենք դրա մասին բազմիցս խոսել ենք, և դա նույնիսկ արտացոլվել է համատեղ հայտարարություններում, որոնք ստորագրվել են Ադրբեջանի նախագահի և ՀՀ վարչապետի կողմից», – հայտարարել է Ռուբինյանը։

Այսպես նա պատասխանել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի այն հայտարարությանը, թե իրենք սպասում են Հայաստանի պատասխանին Սահմանադրության փոփոխությունների հետ կապված հարցերին։

Ռուբինյանը նշել է, որ խաղաղության պայմանագիրը լավագույն միջոցն է երկու կողմերի համար՝ պարզաբանման և վստահ լինելու համար, որ երկրները միմյանցից տարածքային պահանջներ չունեն։

Նրա խոսքով՝ պայմանագրի կետերից մեկով նշված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և չեն ակնկալում, պահանջում որևէ տարածք՝ այդ թվում ապագայում, ավելին, կողմերը չպետք է անդրադառնան ներպետական օրենսդրությանը՝ դա չկատարելու համար։

Հունվարի 19-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանին անհրաժեշտ է նոր Սահմանադրություն, որը երկիրը կդարձնի ավելի մրցունակ և կենսունակ աշխարհաքաղաքական նոր պայմաններում։ Հունվարի 23-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը չափազանցություն որակեց այն կարծիքը, թե հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը Սահմանադրության փոփոխության պատճառնէ։ Միաժամանակ հունվարի 24-ին նա հաստատեց, որ Ադրբեջանը խնդիրներ է տեսնում Հայաստանի անկախության հռչակագրում։

Փետրվարի 1-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ երկու երկրների միջև խաղաղություն կարող է հաստատվել, եթե Հայաստանը վերջ դնի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներին և փոփոխություններ կատարի Սահմանադրության մեջ և այլ իրավական փաստաթղթերում։ Նրա խոսքով, Հայաստանի Անկախության հռչակագիրն ուղղակի կոչեր է պարունակում Ղարաբաղը Հայաստանին միավորելու և Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտման վերաբերյալ, և հղումներն այդ փաստաթղթին արտացոլված են նաև Հայաստանի Սահմանադրության մեջ։-0-