Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
423.89
RUB
4.6403
GEL
141.14
2025 թ. մարտի 26, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+7

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի ՊՆ կողմից Մեծամորի ատոմային էլեկտրակայանի հրթիռակոծման վերաբերյալ սպառնալիքի առնչությամբ

16.07.2020, 23:21
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի ՊՆ կողմից Մեծամորի ատոմային էլեկտրակայանի հրթիռակոծման վերաբերյալ սպառնալիքի առնչությամբ
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի ՊՆ կողմից Մեծամորի ատոմային էլեկտրակայանի հրթիռակոծման վերաբերյալ սպառնալիքի առնչությամբ
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի./ԱՌԿԱ/. ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի ՊՆ կողմից Մեծամորի Հայկական ատոմային էլեկտրակայանի հրթիռակոծման վերաբերյալ սպառնալիքի առնչությամբ:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության հնչեցրած սպառնալիքը հրթիռակոծելու Մեծամորի Հայկական ատոմային էլեկտրակայանը վկայում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հուսահատության մակարդակի և մտքի ճգնաժամի մասին:  Այն գործողությունները, որոնցով սպառնում է Ադրբեջանի ՊՆ-ն, հանդիսանում են ընդհանուր առմամբ միջազգային հումանիտար իրավունքի և, մասնավորապես, Ժնևյան կոնվենցիայի առաջին լրացուցիչ արձանագրության աղաղակող խախտում: Նմանօրինակ սպառնալիքները պետական ահաբեկչության ուղղակի դրսևորում են և արտահայտում են Ադրբեջանի ցեղասպան մտադրությունները»,- նշվում է ԱԳՆ մամուլի ծառայության հայտարարության մեջ:

Ավելին, Ադրբեջանի ղեկավարությունը նման հայտարարություններով հանդես է գալիս որպես սպառնալիք տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, այդ թվում՝ սեփական ժողովրդի համար:

«Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի հնչեցրած միջուկային սպառնալիքները, որոնք վկայում են միջազգային հանրության այդ անդամի ողջամտության և պատասխանատվության բացարձակ բացակայության մասին: Ադրբեջանը պետք է օր առաջ հրապարակայնորեն հրաժարվի այս սպառնալիքներից»,- հաղորդվում է հայտարարարության մեջ:

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը Հայաստանին սպառնում է միջազգային միջուկային հանցագործությամբ՝ Մեծամորի ատոմային էլեկտրակայանի հրթիռակոծության ձևով: Այդ հայտարարությունը հուլիսի 16-ին կայացած ասուլիսում արել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյախլին:

«Հայկական կողմը չպետք է մոռանա, որ առավել ժամանակակից հրթիռային համակարգերը, որոնք գտնվում են ադրբեջանական բանակի զինանոցում, կարող են մեծ ճշգրտությամբ հարվածել Մեծամորի ԱԷԿ-ին, ինչը կհանգեցնի մեծ աղետի Հայաստանի համար»,-  նշել է Դարգյախլին:

Այս հայտարարության վրա միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: -0-