ԵՄ-ն ողջունել է Թուրքիայի հայտարարությունը Հայաստանի հետ երկկողմ առևտրի մեկնարկի վերաբերյալ
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի․/ԱՌԿԱ/. Եվրոպական միությունը ջերմորեն ողջունում է Թուրքիայի հայտարարությունը Հայաստանի հետ երկկողմ առևտրի մեկնարկի վերաբերյալ։
Այս մասին ասվում է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (ԵԱԳԾ) մամուլի թիմի արածած հայտարարության մեջ։
«Սա նշանակալի իրադարձություն է նրանց միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում, ինչը նաև ապացուցվում է 2026 թվականի ապրիլի 28-ին կայացած երկկողմ աշխատանքային խմբի հանդիպմամբ՝ երկու երկրների միջև երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու հարցով, որը մենք ողջունել ենք։
Այս կարևոր քայլը կարող է նպաստել երկու երկրների միջև առևտրային և տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը՝ դրական ազդեցություն ունենալով ամբողջ Հարավային Կովկասի, ինչպես նաև Եվրամիության վրա։
Մենք խրախուսում ենք երկու երկրներին շարունակել աշխատել միասին, այդ թվում՝ սահմանի բացման ուղղությամբ»,- նշված է հայտարարության մեջ։
Մայիսի 13-ին Անկարան հայտարարեց Թուրքիայի և Հայաստանի միջև ուղղակի առևտրի մեկնարկի նախապատրաստական աշխատանքների ավարտի մասին։ Երևանում նշեցին, որ Հայաստանի և Թուրքիայի միջև առևտուրը մաքսային առումով հնարավոր է դարձել ուղղակիորեն՝ առանց վերաձևակերպումների։
Նույն օրը ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ, Թուրքիայի հետ բանակցություններում հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հայտնել էր, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հնարավոր է դարձել մաքսային իմաստով ուղիղ՝ առանց վերաձևակերպումների առևտուրը։