Ամերիկյան AECOM–ը Հայաստանում սկսում է տեղանքի հետազոտման աշխատանքները TRIPP նախագծի համար
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի․/ԱՌԿԱ/․ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության «Գլոբալ ենթակառուցվածքների ու ներդրումների շուրջ գործակցության հիմնադրամի» պատվիրակմամբ Հայաստան այցելած ամերիկյան AECOM ճարտարագիտա-խորհրդատվական ընկերության թիմին, որը ժամանել է Հայաստան մեկնարկելու TRIPP-ի տեղանքի հետազոտման աշխատանքները:
Այս մասին հաղորդում է ՀՀ կառավարությունը։
Ընկերությունը ներկայացրել է փոխվարչապետին իրենց կողմից մշակվելիք տեխնիկատնտեսական գնահատման շուրջ իրականացվող աշխատանքների հիմնական ուղղվածությունը և ակնկալվող արդյունքները:
Փոխվարչապետը, շեշտելով TRIPP նախաձեռնության նշանակությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման տեսանկյունից, կարևորել է իրականացվող աշխատանքները և ներկայացրել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորությունները՝ ընդգծելով Հայաստանի Հանրապետության տարածքով բեռների և ռեսուրսների տարանցման մեծ ներուժը:
TRIPP նախագծի մասին
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հունվարի 13-ին Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքներով հրապարակել են համատեղ հայտարարություն «Թրամփի ուղին՝ հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության» (TRIPP) իրականացման շրջանակների վերաբերյալ:
Փաստաթուղթը նախատեսում է Հայաստանի տարածքով մուլտիմոդալ տարանցիկ փոխկապակցվածության ձևավորման մեխանիզմի գործարկում, այդ թվում՝ Ադրբեջանի հիմնական մասի միացումը Նախիջևանի ինքնավարության հետ և ինտեգրումը Տրանսկասպյան առևտրային երթուղուն:
Հայաստանը մտադիր է արտոնել TRIPP Development Company ընկերության ստեղծումը, որը, ինչպես ակնկալվում է, կստանա նախագծի իրականացման նախնական իրավունք՝ 49 տարի ժամկետով:
Նախատեսվում է Միացյալ Նահանգներին առաջարկել ընկերության բաժնետոմսերի 74%-ը՝ Հայաստանի համար պահպանելով 26%-ը: Համաձայնագիրը ևս 50 տարով երկարաձգելու դեպքում նախատեսվում է փոխել բաժնեմասերի հարաբերակցությունը: