Рейтинг@Mail.ru
USD
368.62
EUR
432.76
RUB
4.9787
GEL
137.73
2026 թ. մայիսի 13, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+15

ՎԶԵԲ-ը հաստատակամորեն հանձնառու է Հայաստանի հետ երկարաժամկետ գործընկերությանը

Այսօր, 16:23
ՎԶԵԲ-ը Հայաստանը դիտարկում է որպես կայուն և դեպի ապագան միտված տնտեսություն
ՎԶԵԲ-ը հաստատակամորեն հանձնառու է Հայաստանի հետ երկարաժամկետ գործընկերությանը

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /ԱՌԿԱ/. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) պահպանում է իր հաստատակամ հանձնառությունը Հայաստանի հետ երկարաժամկետ գործընկերությանը, հայտարարել է Թուրքիայի և Կովկասի հարցերով բանկի գործադիր տնօրեն Էլիզաբեթա Ֆալչետին:

«Մենք աջակցել ենք երկրին բարդ և անորոշ ժամանակաշրջաններում, և այսօր Հայաստանի տնտեսությունը դիտարկում ենք որպես կայուն, զարգացող և հեռանկարային՝ ուժեղ ու դինամիկ մասնավոր հատվածով, ինչպես նաև տարածաշրջանային կապերի զարգացման գործում առանցքային դերակատարմամբ»,-հայտարարել է նա ԱՌԿԱ գործակալությանը տված հարցազրույցում։

Ֆալչետիի խոսքով, նրանք բարձր են գնահատում Հայաստանի իշխանությունների հետ կառուցողական գործակցությունը, մասնավորապես այն բարեփոխումների առաջմղման գործում, որոնք ուղղված են ներդրումների խթանմանը, մրցունակության բարձրացմանը և ներառական աճին։ 

«Կանխատեսելի կարգավորող միջավայրն ու ամուր ինստիտուտները շարունակում են վճռորոշ դեր ունենալ կայուն տնտեսական աճի ապահովման և նոր ներդրումների ներգրավման գործում»,-ասել է նա։

Բացի այդ, ՎԶԵԲ գործադիր տնօրենը հավաստիացրել է Հայաստանի գործարար համայնքին գործընկերության շարունակականության հարցում:

«Հայ գործարարները, հատկապես փոքր և միջին ձեռնարկությունները, դրսևորել են բարձր հարմարվողականություն, նորարարական մոտեցումներ և արտահանման ներուժ։ ՎԶԵԲ-ը կշարունակի աջակցել բիզնեսին՝ ընդլայնման, արդիականացման, կանաչ անցման և նոր շուկաներ մուտք գործելու հարցերում՝ ապահովելով լայնամասշտաբ և կայուն աճ»,-ընդգծել է նա։

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես են ՎԶԵԲ նախաձեռնությունները Հայաստանում փոխակերպում գործարար միջավայրը, Ֆալչետին ասել է, որ համակարգային արդյունքների ձևավորումը նկատվում է մի քանի ուղղություններով:

Խոսելով ֆինանսական ոլորտի մասին՝ նա նշել է, որ ՎԶԱԲ համագործակցությունը գործընկեր բանկերի հետ նպաստել է վարկային ֆինանսավորման հասանելիության ընդլայնմանը, ռիսկերի բաշխման գործիքների ներդրմանը, կանաչ վարկերի աճին և տեղական արժույթով ֆինանսավորման զարգացմանը՝ նվազեցնելով արտաքին ցնցումների նկատմամբ խոցելիությունը։

Ենթակառուցվածքների ոլորտում Ֆալչետտին ասել է, որ Սիսիան–Քաջարան ավտոճանապարհի և Երևանի ու Սյունիքի մարզի մաքսային-լոգիստիկ կենտրոնների նման ծրագրերը վերաձևավորում են առևտրային կապակցվածությունը, նվազեցնում ծախսերը և նպաստում Հայաստանի առավել արդյունավետ ինտեգրմանը տարածաշրջանային արժեքային շղթաներում։

Շուկաների և ֆինանսական հաստատությունների ոլորտում Կենտրոնական բանկի հետ քաղաքական երկխոսությունն ու գործակցությունը ամրապնդել են ածանցյալ գործիքների և ռեպո գործարքների կարգավորման դաշտը, իսկ կապիտալի շուկայի աջակցության ծրագրերն օգնում են ընկերություններին պատրաստվել պարտատոմսերի և բաժնետոմսերի թողարկմանը։

«Այս նախաձեռնությունները միասին նպաստում են նրան, որ Հայաստանն առանձին միջոցառումներից անցում կատարի դեպի կառուցվածքային և տնտեսության բոլոր ոլորտներն ընդգրկող փոփոխություններ»,-ամփոփել է նա։

ՎԶԵԲ-ը Հայաստանի առաջատար ինստիտուցիոնալ ներդրողներից է: Այսօրվա դրությամբ ֆինանսավորման ծավալը գերազանցել է 3 միլիարդ եվրոն՝ 245 նախագծերի շրջանակում, ընդ որում միջոցների ավելի քան 85%-ն ուղղվել է մասնավոր հատվածին:

Հարցազրույցի ամբողջական տարբերակը կարելի է ընթերցել հղումով: