ՀՀ վարչապետի կայքում հրապարակվել է ՀՀ վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հայտարարությունը
10.11.2020,
12:54
ՀՀ վարչապետի կայքում հրապարակվել է ՀՀ վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հայտարարությունը
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետի կայքում հրապարակվել է ՀՀ վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հայտարարությունը։
Ստորև ներկայացնում ենք ամբողջական տեքստը։
Մենք ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն. Վ. Փաշինյանը, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի. Հ. Ալիևը, և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Վ. Պուտինը, հայտարարել ենք հետևյալի մասին:
1. Հայտարարվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին 2020 թվականի նոյեմբերի 10-ին 00: 00-ից: Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ Կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերի վրա։
2. Աղդամի շրջանը վերադարձվում են Ադրբեջանի Հանրապետությանը մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը:
3. Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960 զինծառայողներ` հրաձգային զենքով, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա:
4. Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայվում է հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի գտնվելու ժամկետը 5 տարի է՝ հերթական 5-ամյա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից ոչ մեկը ժամկետի ավարտից վեց ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
5. Հակամարտության կողմերի կողմից պայմանավորվածությունների կատարման վերահսկողության արդյունավետության բարձրացման նպատակով ստեղծվում է Հրադադարի վերահսկման խաղաղապահ կենտրոն։
6. Հայաստանի Հանրապետությունը մինչև 2020 թվականի նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարի շրջանը, իսկ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը ՝ Լաչինի շրջանը՝ պահպանելով Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը կապահովի Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միևնույն ժամանակ չի շոշափի Շուշին, կմնա Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ։
Կողմերի համաձայնությամբ՝ առաջիկա երեք տարում կորոշվի Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման ծրագիրը, որը կապահովի կապ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև՝ այդ երթուղու պահպանման համար ռուսական խաղաղապահ զորակազմի հետագա վերատեղաբաշխմամբ։
Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով:
7. Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և դրան հարակից շրջաններ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության վերահսկողության ներքո:
8. Կատարվում է ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց ու զոհվածների դիակների փոխանակում:
9. Տարածաշրջանում ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունն ապահովում է տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի Հանրապետության և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության արևմտյան շրջանների միջև՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները:
Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցումը:–0–