Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները վերահաստատել են մինչև տարեվերջ ևս մեկ հանդիպում անցկացնելու մտադրությունը. ԵԱՀԿ համանախագահներ
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հանդես են եկել հայտարարությամբ հոկտեմբերի 14–17–ը տարածաշրջան կատարած այցելության արդյունքում։
Համանախագահները հոկտեմբերի 15–ին Երևանում հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և հոկտեմբերի 17–ին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ինչպես նաև խորհրդատվություններ են անցկացրել երկու երկրների ԱԳ նախարարների և պաշտպանության նախարարների հետ։
«Իրենց այցի շրջանակում համանախագահները նաև հանդիպել են Լեռնային Ղարաբաղի դե–ֆակտո իշխանությունների հետ։ Բաքվում համանախագահները հանդիպել են Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի հետ։ Գտնվելով Լեռնային Ղարաբաղում` Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի ներկայացուցիչը ներկայացրել է միջնորդներին հումանիտար հարցերը», – նշվում է ԵԱՀԿ–ի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները տեղեկացրել են համանախագահներին վերջերս Աշխաբադում ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ ունեցած իրենց զրույցի մասին և ներկայացրել են իրենց գաղափարները կարգավորման գործընթացի առաջընթացի շուրջ։ Համանախագահները ողջունել են կոնկրետ հումանիտար և անվտանգության միջոցների ընդունման հեռանկարը։
«Համանախագահները ևս մեկ անգամ ընդգծել են դիտորդական առաքելությունների բացառիկ կարևորությունը։ Նրանք կոչ են արել կողմերին շարունակել համակողմանի աջակցություն ցուցաբերել ԵԱՀԿ գործող համանախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի գործունեությանը», – նշվում է հայտարարության մեջ։
ԱԳ նախարարները վերահաստատել են մինչև տարեվերջ համանախագահների հովանու ներքո նոր հանդիպում անցկացնելու իրենց մտադրությունը։
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի վերջին հանդիպումը, միջնորդների մասնակցությամբ, տեղի է ունեցել այս տարվա սեպտեմբերի 23–ին Նյու Յորքում։
Հայտարարության նաև նշվում է, որ համանախագահներն առաջիկայում կմեկնեն Վիեննա`հանդիպելու ԵԱՀԿ Մշտական խորհրդի և Մինսկի խմբի անդամներին։–0–