Рейтинг@Mail.ru
USD
384.11
EUR
450.45
RUB
4.8838
GEL
141.38
2025 թ. հուլիսի 8, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+30

Հայաստանը պատրաստ է Եվրամիության հետ լինել այնքան մոտիկ, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի․ Փաշինյան

11.02.2024, 23:42
Փաշինյանը հայտարարել է, որ ակնհայտ է, որ Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները խորանում են
Հայաստանը պատրաստ է Եվրամիության հետ լինել այնքան մոտիկ, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի․ Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Եվրամիության հետ լինել այնքան մոտիկ, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ The Telegraph-ին տված հարցազրույցում պատասխանելով այն հարցին, թե ցանկություն ունի Փաշինյանը տանել երկիրը ԵՄ-ի ուղղությամբ:

«Ակնհայտ է, որ Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները խորանում են և ակնհայտ է, որ Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները խորանում են այդ թվում՝ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության պայմանագրի» իրականացման պայմաններում և պատճառով: Բայց, իհարկե, մյուս կողմից ակնհայտ է, որ Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները սերտանում են նաև այն պատճառով, որ միջազգային հանրության գնահատականով մենք տեսանելի հաջողություններ ունենք ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու ճանապարհին», – ասել է նա։

Փաշինյանի խոսքով, այս նրբությունը շատ կարևոր է իրադրությունը հասկանալու համար, իրավիճակը և շատ իրադարձություններ, որոնք տեղի են ունենում Հայաստանում:

«Մենք ոչ մեկից չենք շրջվում: Մենք իրականացնում ենք մեր ժողովրդից ստացած մեր պատգամները: Իսկ այդ պատգամն առաջին հերթին ժողովրդավարական բարեփոխումներն են: Եվ ժողովրդավարությունը, ժողովրդավարական բարեփոխումները, ժողովրդավարական հանրության զարգացումը մեզ համար ուղղակի հանգամանքների բերումով առաջացած օրակարգեր չեն: Ես բազմիցս եմ հայտարարել, որ դա մեզ համար ռազմավարություն է, և Եվրոպական խորհրդարանում իմ ունեցած ելույթում ասացի, որ մենք շարունակելու ենք այդ ռազմավարությունների իրականացումը, շարունակելու ենք այդ բարեփոխումները: Եվ ասացի, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Եվրամիության հետ լինել այնքան մոտիկ, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի», – ասել է վարչապետը։–0–