Рейтинг@Mail.ru
USD
396.51
EUR
414.95
RUB
4.3582
GEL
140.05
2025 թ. փետրվարի 15, շաբաթ
եղանակը
Երևանում
0

Լավրով. բոլորին հասկանալի է, որ առանց ԼՂ ժողովրդի համաձայնության որևէ պայմանավորվածություն անհնար կլինի ձևակերպել

11.11.2019, 15:42
ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է, որ առանց ԼՂ ժողովրդի համաձայնության անհնար կլինի ձևակերպել որևէ պայմանավորվածություն։
Լավրով. բոլորին հասկանալի է, որ առանց ԼՂ ժողովրդի համաձայնության որևէ պայմանավորվածություն անհնար կլինի ձևակերպել

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Առանց ԼՂ ժողովրդի համաձայնության անհնար կլինի ձևակերպել որևէ պայմանավորվածություն, հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երկուշաբթի Երևանում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

Լավրովը նոյեմբերի 10–11–ը պաշտոնական այցով գտնվում է Երևանում։

«Բոլորին հասկանալի է, որ առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համաձայնության որևէ պայմանավորվածություն անհնար կլինի ձևակերպել։ Հայաստանը դրանք պարզապես չի ստորագրի։ Ուզում եմ նշել, թե ինչ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեր հանդիպման ժամանակ. նա հիշատակեց իր հրապարակային հայտարարությունն այն մասին, որ վերջնական պայմանավորվածություններում պետք է հաշվի առնվեն և′ Հայաստանի, և′ Ղարաբաղի, և′ Ադրբեջանի շահերը։ Սրա հետ դժվար է վիճել», – նշեց ՌԴ ԱԳ նախարարը։ 

Պատասխանելով այն հարցին, թե իր կարծիքով` ինչպիսի՞ն է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը` հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը պնդում է, որ այն պետք է լուծվի բացառապես իր տարածքային ամբողջականության պահպանմամբ` Լավրովը կրկնեց Փաշինյանի ձևակերպումն այն մասին, որ համաձայնագիրը պետք է հաշվի առնի բոլոր երեք կողմերի շահերը։

«Տարածքային ամբողջականության, ինքնորոշման և բացառապես խաղաղ կարգավորման սկզբունքներն ամրագրված են կողմերի միջև քննարկվող փաստաթղթերի բոլոր տարբերակներում։ Ամեն դեպքում վերջնական որոշումը պետք է հաշվի առնի բոլոր այդ սկզբունքները։ Դրա հետ չեն վիճում ո′չ Երևանը, ո′չ Բաքուն», – ասաց Լավրովը։

ՌԴ ԱԳ նախարարը նշեց, որ համանախագահները փորձում են, որպեսզի այդ փոխզիջումը լինի ազնիվ և արտացոլի շահերի իրական, արդար հավասարակշռությունը։ –0–