ՊՆ. շփման գծում հրադադարի ռեժիմի վերականգնման պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի./ԱՌԿԱ/. ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն։
«Այս պահին, նշված պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Ադրբեջանական սադրանքի արդյունքում սկսված մարտական գործողությունների ընթացքում երկուստեք կիրառվել են հրաձգային զինատեսակներ և ականանետեր։
Ընդ որում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից ականանետային կրակ է բացվել ի պատասխան հակառակորդի կողմից ականանետերի կիրառման։
Շփման գծի փոփոխություն տեղի չի ունեցել, սահմանային իրադրությունը գտնվում է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների վերահսկողության ներքո։
Հիշեցնենք, որ գիշերը ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում:ՊՆ–ից նշում են, որ հակառակորդը, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։ Հակառակորդը փորձում է բարելավել իր հենակետերը` ստեղծելով բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար։ Հայկական կողմն ունի երեք զոհ։ Ադրբեջանական ստորաբաժանումները, ժամը 09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր։–0–