Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը չի բացառում, որ սադրանքներ կարող են կրկին լինել (ՎԻԴԵՈ)
12.04.2023,
13:55
Ապրիլի 11-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի./ԱՌԿԱ/. ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը չի բացառում, որ սադրանքներ կարող են կրկին լինել:
«Իհարկե, որևէ բան բացառել հնարավոր չէ, բայց այս պահի դրությամբ գնահատենք եկեք, ինչ կտանք (խոսքը ՊՆ–ի հաղորդագրության մասին է, խմբգր.), դա ընդունեք որպես իրականություն»,- ասաց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն այսօր լրագրողներին:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ինչու թույլ տրվեց, որ ադրբեջանցիներն այդքան ամրանան Հայաստանի տարածքում, որ նրանք ավելի լավ են տեղակայվել, փոխնախարարը պատասխանեց. «Դուք ի՞նչ գիտեք՝ ով է ավելի լավ տեղակայվել: Մենք էլ ենք ինժներական աշխատանքներ իրականացնում եւ երեկվա սադրանքը հենց այդ ինժեներական աշխատանքների իրկանացման վայրում է տեղի ունեցել»:
Նշենք, որ ապրիլի 11-ին ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների։Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ: Հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր:-0-