Պատեհ չեմ համարում մեկնաբանել. Փաշինյանը՝ նախագահի հրաժարականի հայտարարության մեջ եղած դրդապատճառների մասին

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առցանց ասուլիսի ժամանակ անդրադարձավ ՀՀ նախագահի պաշտոնի Արմեն Սարգսյանի հրաժարականին:
Նա նշեց, որ իմացել է հրաժարականի մասին հրապարակայնացումից ժամեր առաջ:
«Որոշումը կայացրել է նախագահը: Ես դրա մասին իմացել եմ հրապարակայնացումից ժամեր առաջ: Նա երեկ հրապարակումից 3.5 ժամ առաջ զանգահարել է ինձ, և մենք խոսել ենք այդ մասին: Ես հանրապետության նախագահին հարցրել եմ՝ ինձ հետ քննարկո՞ւմ է հարցը, թե ինձ տեղեկացնում է, որ կայացրել է որոշում», - ասաց վարչապետը՝ նշելով, որ փորձել է հասկանալ՝ որոշումը քննարկման ենթակա է, թե ոչ, և Արմեն Սարգսյանն ասել է, որ կայացրել է որոշում:
Փաշինյանն անդրադարձավ Սահմանադրության հետ կապված հանրապետության նախագահի դիրքորոշումներին՝ ընդգծելով, որ դրանք ավելի վաղ հայտնի էին:
«Նախորդ հարցուպատասխանի ժամանակ, երբ քննարկում էինք սահմանադրական փոփոխությունների թեման, ես ասացի, որ իմ դիրքորոշումն այդ կապակցությամբ մի փոքր կամ էականորեն տարբերվում է Հանրապետության նախագահի դիրքորոշումից: Բայց նաև ուզում եմ ընդգծել, որ 2018 թվականից հետո, երբ Արմեն Սարգսյանն ընտրվել է Հանրապետության նախագահ, իսկ հետո ես՝ վարչապետ, Սահմանադրության մեջ Հանրապետության նախագահի լիազորությունների մասով որևէ դրույթի փոփոխություն տեղի չի ունեցել: Այս ողջ ընթացքում կանոնների փոփոխություն տեղի չի ունեցել», - ասաց Փաշինյանը:
Նա նաև նշեց, որ նախագահի հրաժարականի հայտարարության մեջ եղած դրդապատճառներն ընդունում է որպես ի գիտություն:
«Ինքս այդ բացատրություններն ընդունում եմ որպես ի գիտություն և պատեհ չեմ համարում մեկնաբանել»,- հայտարարեց նա՝ հավելելով, որ յուրաքանչյուր պաշտոնյա ինքն է որոշում այդ կարգի որոշումներն ինչ փաստարկների հիման վրա պետք է արվեն:Նախօրեին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարեց հրաժարականի մասին։ Որպես պատճառ նա նշեց համակարգային ներքին և արտաքին քաղաքական խնդիրների վրա ազդեցության գործիքների բացակայության մասին։
ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել 2018թ.–ի ապրիլի 9–ին։ Նա դարձավ Հայաստանի առաջին նախագահը, որին ընտրեց խորհրդարանը 2015թ.–ին խորհրդարանական իշխանավարման անցնելուց հետո։ Նույն օրը դադարեցվեցին գործող նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունները, և կառավարությունը հրաժարական տվեց։–0–