ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային օրակարգին վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի./ԱՌԿԱ/. Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը երկուշաբթի կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկողմ հարաբերություններին տարածաշրջանային և միջազգային օրակարգին վերաբերող ակտուալ հարցեր:
Ինչպես տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ–ի կայքը, տեղի է ունեցել մտքերի առարկայական փոխանակում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի հայտարարությունների կատարման տարբեր ասպեկտների, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանային գոտում իրավիճակի կարգավորման ուղիների վերաբերյալ:
«Կարևորվել է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի գործունեության շուտափույտ վերսկսումը»,- նշվում է մամուլի հաղորդագրությունում:
Նախարարները գոհունակությամբ արձանագրել են ռուս-ադրբեջանական բազմապլանային հարաբերությունների շարունակական զարգացումը, առևտրատնտեսական կապերի հաստատուն աճը ։ Հաստատվել է ս.թ. հուլիսի 20-ին Ադրբեջանի նախագահի` ՌԴ կատարած աշխատանքային այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման փոխադարձ տրամադրվածությունը:
Քննարկվել են միջազգային հարթակներում, այդ թվում` ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում և «կասպիական հնգյակում» համագործակցության հետագա խորացման հարցերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել արտաքին քաղաքական գերատեսչությունների գծով հետագա շփումների շուրջ:–0–