ՌԴ–ն սխալ է համարում ղարաբաղյան հակամարտության քաղաքական, բանակցային գործընթացի վերսկսման ձգձգումը. Լավրով (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Ռուսաստանը սխալ է համարում ղարաբաղյան հակամարտության քաղաքական, բանակցային գործընթացի վերսկսման ձգձգումը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երկուշաբթի իր հայ գործընկեր Զոհրաբ Մնացականյանի հետ ճեպազրույցի ժամանակ։
Լավրովը նշել է, որ երկու օր առաջ Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը, որն անցկացվել է նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկով ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրման պայմաններում։
«Հարվածների փոխանակման ամենասկզբից Ռուսաստանն ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում, արել է հնարավոր ամեն ինչ` ելնելով լարվածության անհապաղ թուլացման և կողմերին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու շահերից։ Ինչպես գիտեք, ընդունվել է ԵԱՀԿ ՄԽ երեք համանախագահ երկրների նախագահների համատեղ հայտարարությունը, արտգործնախարարների եռակողմ հայտարարությունն ու հատուկ ներկայացուցիչների հայտարարությունը, ովքեր աջակցում են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը», – ասել է Լավրովը։
Նա նշել է, որ մի շարք հեռախոսազրույցներից հետո, որոնք տեղի են ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ՌԴ նախագահ Պուտինը հանդես է եկել նախաձեռնությամբ հումանիտար նպատակներով ռազմական գործողությունները դադարեցնելու մասին։
Լավրովը նաև ասել է, որ նախաձեռնությունը նաև նախատեսում է խորհրդակցությունների անցկացում կարգավորման բոլոր հարցերի շուրջ` նշելով, որ հանդիպման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն։
«Մենք հույս ունենք, որ ընդունված որոշումներն անշեղորեն կկատարվեն երկու կողմերից, մենք դրա մասին այսօր մանրամասն խոսել ենք։ Մտքեր ենք փոխանակել նաև այն բանի շուրջ, թե ինչպես պետք է առաջ շարժվենք, դա չի նշանակում, որ բոլոր հարցերը կլուծվեն արագ կամ միաժամանակ։ Մենք հասկանում ենք, որ հարկավոր է գործընթաց։ Սակայն քաղաքական, բանակցային գործընթացի վերսկսման ձգձգումը սխալ ենք համարում։ Որքանով մեզ իրազեկեցին մեր հայ ընկերները, այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Մնացականյանի հետ հանդիպման ընթացքում կքննարկվի այն, թե ինչպես պետք է հետագայում շարժվենք», – ասել է Լավրովը։–0–