«Ժառանգություն» կուսակցությունն իշխանության գալու դեպքում մտադիր է Հայաստան 1,5 մլրդ դոլարի ներդրումներ ներգրավել
19.04.2012,
17:57
«Ժառանգություն» կուսակցությունն իր նախընտրական ծրագրում 1,5 մլրդ դոլարի ներդրումների ներգրավում, ՀՆԱ-ում հարկերի մասնաբաժնի ավելացում և մենաշնորհների վերացում է նախատեսում, ասաց կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը:
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Ժառանգություն» կուսակցությունն իր նախընտրական ծրագրում 1,5 մլրդ դոլարի ներդրումների ներգրավում, ՀՆԱ-ում հարկերի մասնաբաժնի ավելացում և մենաշնորհների վերացում է նախատեսում, ասաց կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը:
Ըստ նրա՝ կուսակցությունն առաջնորդվում է կոնկրետ ծրագրերով, որոնք թույլ կտան ապահովել Հայաստանի առաջիկա տարիների տնտեսական զարգացումը: «Վերջին հինգ տարիներին «Ժառանգություն» խմբակցությունը հետևել է իր ծրագրերին և խորհրդարանում քվեարկել է՝ ելնելով այդ ծրագրերից: Այսօր մենք ներկայացնում ենք «Նոր Հայաստան» ծրագիրը, որը ենթադրում է իշխանափոխություն և նոր կառավարության ձևավորում»,- ասաց Խուրշուդյանը:
Նա նշեց, որ ներկայում տնտեսության բոլոր ոլորտները, հատկապես, եկամտայինները, քվոտավորված են, իսկ փոքր և միջին բիզնեսին մնացել են «փշրանքներ»՝ տաքսի ծառայություններ և հացի փռեր:
«Գնագոյացման վրա հիմնական ազդեցություն ունեցող ոլորտները մենաշնորհված են»,- նկատեց Խուրշուդյանը:
Բացի այդ, ըստ նրա, կուսակցությունն առաջարկում է նվազեցնել հարկերը, իսկ եկամուտների աճը սոցիալական ծախսերի (կենսաթոշակներ և աշխատավարձեր) հետագա ավելացմամբ ապահովել ստվերային հատվածի կրճատման հաշվին: «Մենք ակնկալում ենք ստվերից հարկերի ներգրավման հաշվին արդեն առաջին տարում ավելացնել ՀՆԱ-ում հարկերի մասնաբաժինը ներկայիս 17 տոկոսից մինչև 23 տոկոս, ինչը կապահովվի վարչական տարրական ռեսուրսների միջոցով»,- ասաց «Ժառանգության» մամուլի քարտուղարը:
Նա նշեց նաև, որ կուսակցությունը նախատեսում է քաղաքացիների հայրենադարձություն դեպի Հայաստան սեփական կապիտալով և ներդրումներով: «Մենք կարծում ենք, որ Հայաստանը մարտահրավերներով լի տարածաշրջանում ապրող 2,5 մլն հայերով չի կարող ապագա ունենալ: Առաջիկա տարիներին մեզ անհրաժեշտ է զգալիորեն ավելացնել բնակչությունը, իսկ դրան հնարավոր է հասնել միայն հայերի վերադարձի շնորհիվ: Տարեկան պետք է ապահովել 100 հազ. հայերի վերադարձ, որոնց մեծ մասը զգալի հաջողությունների է հասել արտերկրում»,- ասաց Խուրշուդյանը:
Նա նշեց, որ ազատ ժողովրդավարական երկրի պայմաններում քաղաքացիները կնախընտրեն ապրել Հայաստանում, քան համարվել մեկ այլ երկրի երկրորդ կամ երրորդ տեսակի մարդ: --0--