«Ռոսսելխոզնադզորն» ամեն ամիս իրականացնում է ՌԴ ներմուծվող հայկական արտադրանքի մոնիթորինգ
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/ԱՌԿԱ/․ «Ռոսսելխոզնադզորն» ամեն ամիս իրականացնում է ռուսական շուկա ներմուծվող հայկական արտադրանքի մոնիթորինգ, Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում ՏԱՍՍ-ին հայտարարել է գերատեսչության ղեկավար Սերգեյ Դանկվերտը։
«Մենք հիմա ամեն ամիս իրականացնում ենք ռուսական շուկա ներմուծվող արտադրանքի մոնիթորինգ։ Դիտարկում և վերլուծում ենք։ Եթե ամսվա ընթացքում որևէ արտադրատեսակի գծով արձանագրվում է հայտնաբերված խախտումների աճ, մեր գործընկերներն անցկացնում են քննարկումներ», - ասել է Դանկվերտը՝ պատասխանելով Հայաստանից կատարվող մատակարարումների մասին հարցին։
Հայաստանից ՌԴ արտադրանքի մատակարարումների սահմանափակումների մասին
Ռոսսելխոզնադզորը ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Հայաստանից մի շարք արտադրանքի ներմուծման վրա՝ որպես պատճառ նշելով «ԵԱՏՄ և Ռուսաստանի բուսասանիտարական պահանջների հաճախակի դարձած խախտումները»:
Սահմանափակումները մայիսի 22-ից անդրադարձել են ծաղկային և պարենային արտադրանքին, մայիսի 30-ից՝ թարմ լոլիկին, վարունգին, պղպեղին, կանաչեղենին և ելակին, հունիսի 2-ից՝ թարմ խաղողին և կորիզավոր պտուղներին (բալ, կեռաս, ծիրան, սալոր, դեղձ և նեկտարին):
Նաև Ռոսսելխոզնադզորում հայտարարել են, որ հունիսի 2-ից հայկական կողմը պետք է դադարեցնի կենդանի ձկան և ձկնամթերքի անասնաբուժական սերտիֆիկացումը ռուսաստանյան ստացողների հասցեով հայկական բոլոր ընկերություններից, բացառությամբ տեսչական ստուգում անցած երկու ձեռնարկությունների:
Բացի այդ, Ռոսպոտրեբնադզորը կասեցրել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների, ինչպես նաև հայկական երեք արտադրողների գինու և կոնյակի ներմուծումն ու շրջանառությունը Ռուսաստանում:
Բացի այդ, Ռոսսելխոզնադզորը 2026 թվականի հունիսի 3-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Հայաստանից ծագող և առաքվող հնդավոր մշակաբույսերի պտուղների, սմբուկի, կարտոֆիլի և չորացրած մրգերի ներմուծման, ինչպես նաև նշված մթերքների՝ ԵԱՏՄ անդամ պետություններ տարանցման վրա: