ԱՄՀ․ Հայաստանին անհրաժեշտ է ամրապնդել տնտեսության կայունությունը պահպանվող անորոշության ֆոնին
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/ԱՌԿԱ/․ Պահպանվող տնտեսական անորոշությունն ընդգծում է Հայաստանի համար տնտեսության դիմակայունության ամրապնդման և ապագա աճի հեռանկարների բարելավման ուղղությամբ ջանքերը շարունակելու անհրաժեշտությունը, ասվում է Արժույթի միջազգային հիմնադրամի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ բյուջետային քաղաքականությունը պետք է այսուհետ ևս ապահովի հավասարակշռություն ծախսերի առաջնահերթությունների և բյուջետային կայունության միջև:
Նշվում է նաև ծախսերի մանրակրկիտ առաջնահերթության և պետական ծախսերի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը՝ հարկային բարեփոխումներին և հարկային վարչարարության ամրապնդմանը զուգահեռ, որպեսզի ստեղծվի բյուջետային տարածություն աճող ծախսերը ծածկելու համար՝ միաժամանակ պետական պարտքը չափավոր մակարդակի վրա պահպանելով:
«Երկարաժամկետ աճի պահպանման համար ողջունելի են պլանավորված կառուցվածքային բարեփոխումները, որոնք ուղղված են երկրի արտահանման զամբյուղի և սպառման շուկաների դիվերսիֆիկացմանը, գործարար միջավայրի և կորպորատիվ թափանցիկության բարելավմանը, ինչպես նաև ֆինանսավորման հասանելիության ընդլայնմանը», - նշել են ԱՄՀ–ից։