Եռակողմ հայտարարության 9-րդ կետով ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինների ֆիզիկական ներկայություն նախատեսված չէ. ԱԳՆ խոսնակ
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակի հայտարարությանը, որով վերջինս Հայաստանին մեղադրել էր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների նկատմամբ անփույթ վերաբերմունքի մեջ՝ տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում։
Նա ընդգծում է՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսվում է, որ ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո։
«Ադրբեջանը, սակայն, հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի տարածք չկա, Լեռնային Ղարաբաղ չկա, ինչն, ըստ էության, նշանակում է եռակողմ հայտարարությամբ նախատեսված այս պարտավորության կատարումից հրաժարում: Ոչ մի հայ փախստական կամ ներքին տեղահանված մինչև օրս չի վերադարձել ո՛չ Լեռնային Ղարաբաղի տարածք, ո՛չ հարակից շրջաններ»,-նշում է ԱԳՆ խոսնակը։
Նրա խոսքով՝ եռակողմ հայտարարությամբ նախատեսվում է ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց փոխանակում, սակայն մինչև այսօր ադրբեջանական բանտերում պահվում են հայեր, այդ թվում՝ 2020թ. նոյեմբերին կամ հոկտեմբերին գերեվարված
«Ինչ վերաբերվում է եռակողմ հայտարարության 9-րդ կետին, դրանով նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետությունն է իր տարածքում կազմակերպում բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցումը և երաշխավորում նրանց անվտանգությունը: Սա շատ պարզ ձևով գրված է հայտարարության մեջ: Հասկանալի է, որ Հայաստանի Հանրապետությունը դա պետք է անի իր իրավազորության և ինքնիշխանության շրջանակներում: Ինչ վերաբերվում է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմիններին, եռակողմ հայտարարության 9-րդ կետով նրանց ֆիզիկական ներկայություն նախատեսված չէ»,- հայտնում է Բադալյանը։
Անդրադառնալով ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ նա նշում է, որ նախագիծը ճշգրիտ արտահայտում է նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման ճանապարհային քարտեզ։
«Շահագրգռված լինելով տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ, ինչը և իրականում նախատեսված է եռակողմ հայտարարությամբ՝ մենք Ադրբեջանին առաջարկել և առաջարկում ենք օր առաջ սկսել ապաշրջափակման իրագործման գործընթացը»,-ընդգծում է Բադալյանը։