Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

ԱԺ–ի դիմաց բողոքի ակցիա է անցկացվում Ռուսաստանի հետ ՀՕՊ համատեղ համակարգի դեմ

27.06.2016, 13:58
Ռուսաստանի հետ ՀՕՊ համատեղ համակարգի դեմ բողոքի ակցիա է անցկացվում ԱԺ–ի դիմաց, որտեղ երկուշաբթի արտահերթ նստաշրջան է գումարվել։
ԱԺ–ի դիմաց բողոքի ակցիա է անցկացվում Ռուսաստանի հետ ՀՕՊ համատեղ համակարգի դեմ

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի հետ ՀՕՊ համատեղ համակարգի դեմ բողոքի ակցիա է անցկացվում ԱԺ–ի դիմաց, որտեղ երկուշաբթի արտահերթ նստաշրջան է գումարվել։

Հունիսի սկզբին ՀՀ ԱԺ արտաքին կապերի մշտական հանձնաժողովը քննարկել և դրական եզրակացությամբ վավերացման է ներկայացրել հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միասնական տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին ՌԴ–ի հետ ստորագրած համաձայնագիրը։ Փաստաթղթի քննարկումը ներկայացվել է ԱԺ–ի արտահերթ նստաշրջանի քննարկմանը։

Բողոքի ակցիայի մասնակիցները պատրաստվում են նստացույց կազմակերպել խորհրդարանի շենքի առաջ, քանի որ չգիտեն, թե կոնկրետ որ օրը կկազմակերպվի համաձայնագրի քննարկումը։

Ինչպես նշել են ցուցարարները, համաձայնագրի ստորագրումը նախատեսում է հայկական օդային տարածքի պահպանության հարցերի կարգավորմամբ զբաղվող մարմնի ստեղծում, որը վերահսկելու է ռուսական կողմը։

«Ըստ այս համաձայնագրի` ստեղծվելու է Հայաստանի ՀՕՊ կարգավորման մարմին, որը գտնվելու է Ռուսաստանի կառավարման ներքո, և, հետևաբար, խաղաղ կամ պատերազմական իրավիճակում Հայաստանի և Ղարաբաղի հակաօդային պաշտպանության վերաբերյալ բոլոր որոշումներն ընդունելու է ռուսական կողմը», – նշում են բողոքի ակցիայի մասնակիցները։

Ցուցարարների կարծիքով` ներկա իրավիճակում, երբ մեծ է ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի վերսկսման սպառնալիքը, նման համաձայնագրի վավերացումը կգնահատվի որպես պետական դավաճանություն, ինչի կապակցությամբ նրանք մտադիր են բողոքի ակցիաներ կազմակերպել ինչպես խորհրդարանի շենքի, այնպես էլ նախագահի նստավայրի դիմաց։

Բողոքի ակցիան կազմակերպել է «Մենք ենք տերը մեր երկրի» քաղաքացիական նախաձեռնությունը։

Համաձայանգիրը 2015 թ.–ի դեկտեմբերի 23–ին Մոսկվայում ստորագրել են Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանն ու Սերգեյ Շոյգուն։

Փաստաթղթի նպատակն է ստեղծել ՀՕՊ միասնական տարածաշրջանային համակարգ` հակաօդային պաշտպանության մակարդակը բարձրացնելու համար։ Համաձայնագիրը ստորագրվել է 5 տարի ժամկետով` յուրաքանչյուր հինգ տարին մեկ հետագա երկարացման հնարավորությամբ, եթե կողմերից ոչ մեկը համաձայնագրի ժամկետի լրանալուց նվազագույնը վեց ամիս առաջ դիվանագիտական ճանապարհով գրավոր կերպով չիրազեկի համաձայնագրի գործողությունները դադարեցնելու մտադրության մասին։

Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։–0–