Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

ԱՄՆ Սենատի զինված ուժերի կոմիտեի պատվիրակությունը այցելել է Ադրբեջանի հետ սահմանակից Տավուշի մարզ

22.07.2016, 12:39
ԱՄՆ Սենատի զինված ուժերի կոմիտեի աշխատակազմի պատվիրակությունը հինգշաբթի այցելել է ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուս:
ԱՄՆ Սենատի զինված ուժերի կոմիտեի պատվիրակությունը այցելել է Ադրբեջանի հետ սահմանակից Տավուշի մարզ

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրապետությունում գտնվող ԱՄՆ Սենատի զինված ուժերի կոմիտեի աշխատակազմի պատվիրակությունը հինգշաբթի այցելել է ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուս և հանդիպում է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի և բանակային կորպուսի հրամանատարության հետ, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Պատվիրակությանն ուղեկցել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ռիչարդ Միլսը:

Հանդիպման ընթացքում ԱՄՆ պատվիրակությանը ներկայացվել է հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը, Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման հաճախականությունը և դրա հետևանքները: Ներկայացվել է հայկական կողմի դիրքորոշումը հրադադարի պահպանման համար անհրաժեշտ միջոցների վերաբերյալ: 

Տավուշի մարզում ԱՄՆ Սենատի զինված ուժերի կոմիտեի աշխատակազմի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել մարզպետ Հովիկ Աբովյանի և սահմանամերձ համայնքների ղեկավարների հետ, ովքեր ներկայացրել են սահմանամերձ համայնքների խաղաղ բնակչության առօրյա կյանքի վրա հրադադարի խախտումների հետևանքները բնակչության անվտանգության, գյուղատնտեսական աշխատանքների իրականացման և ենթակառուցվածքների շահագործման առումով:

Բացի այդ, ԱՄՆ Սենատի զինված ուժերի կոմիտեի աշխատակազմի պատվիրակությունն այցելել է նաև ՀՀ ՊՆ Խաղաղապահ բրիգադի ուսումնական կենտրոն, որտեղ տեղեկատվություն է ստացել միջազգային խաղաղության և կայունության պահպանման գործողություններում հայ խաղաղապահների ներգրավվածության և նախապատրաստվող առաքելությունների վերաբերյալ: -0-