Արմեն Սարգսյան. չունեմ ՀՀ վարչապետի թեկնածու
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի հանրապետական կուսակցության`ՀՀ 4–րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ չունի թեկնածու ՀՀ վարչապետի պաշտոնին։
Այս մասին նա ասել է «Ազատություն» ռ/կ–ին տված հարցազրույցում։
ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հունվարի 19–ին առաջարկել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանին դառնալ երկրի չորրորդ նախագահի թեկնածուն։ Սարգսյանը փետրվարի 16–ին տվել է իր համաձայնությունը։ ՀՀ նախագահին կընտրի Ազգային ժողովը մարտի 2–ին։
«Որպես անհատ, չունեմ թեկնածու, որպես տրամաբանող մարդ, կարող եմ տրամաբանել, թե ովքեր են լավագույն թեկնածուները, սակայն զբաղվելով սպեկուլյացիայով՝ եթեներով․․․ եթեները շատ ծանր արժեք ունեն», – ասել է Արմեն Սարգսյանն ու ավելացրել, որ եթե նախագահ դառնա, կսկսի ավելի լուրջ մտածել այդ հարցի մասին։
«Եթեները մաթեմատիկայում կոչվում են ռեկուրսիվ ֆունկցիաներ, որոնք ունեն մի նպատակ՝ համակարգն ավելի բարդացնելու, և եթե շատ եթեներ ունեք, շատ դժվար է ճշգրիտ լուծումներ գտնել։ Այնպես որ, ես չեմ պատրաստվում զբաղվել եթեներով, մանավանդ ես ինքս դեռևս նախագահ չեմ», – հայտարարել է Սարգսյանը։
2015 թ.–ին ընդունված սահմանադրական փոփոխություններից հետո երկիրն անցնում է խորհրդարանական իշխանավարման։ Նոր նախագահին կընտրի Ազգային ժողովը։ Նախագահն իր լիազորությունները կստանձնի 2018 թ.–ի ապրիլի 9–ին։ Նույն օրը կդադարեցվեն գործող նախագահի լիազորություները, և կառավարությունը հրաժարական կտա։ Վարչապետը կընտրվի իշխող կուսակցության կամ իշխող կոալիցիայի կողմից։–0–