Բաքուն անելանելի վիճակում պատրաստ է հրաժարվել սեփական զինվորից. ԼՂՀ ՊՆ
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /ԱՌԿԱ/. ԼՂՀ ՊԲ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը մեկնաբանել է Բաքվի արձագանքը ԼՂՀ ՊԲ առաջապահ ուժերի կողմից ադրբեջանցի զինվորի գերեվարման մասին։
Հասրաթյանը, մասնավորապես, նշել է, որ երեկ՝ ժամը 23:30-ի սահմաններում, ի պատասխան ԼՂՀ պաշտպանության նախարարության կողմից տարածված դիվերսիոն-հետախուզական գործողության մասին հաղորդագրության, Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հանդես է եկել հերքումով, որում մասնավորապես ասվում է, թե իբր հայկական ուժերի կողմից գերեվարված ադրբեջանցի Էլնուր Հյուսեինզադեն, որպես կարգազանց զինծառայող, զորացրված է եղել զինված ուժերի շարքերից և ներկա ժամանակ տվյալ անձը հաշվառված չէ Ադրբեջանի զինված ուժերում:
Հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձն ավարտվել է ադրբեջանցի զինծառայողի գերեվարմամբ
«Որ ադրբեջանական կողմը յուրաքանչյուր անելանելի վիճակում հայտնվելու դեպքում պատրաստ է հրաժարվել սեփական զինվորից և նրան ներկայացնել նախ՝ դասալիք, իսկ ապա նաև՝ իր զինված ուժերի հետ որևէ կապ չունեցող անձ, հասկանալի է և լրիվությամբ տեղավորվում է ադրբեջանական տրամաբանության մեջ», – նշել է Սենոր Հասրաթյանը։
Հասրաթյանն իր հերթին անտրամաբանական ու անհասկանալի է համարում այն փաստը, թե «ինչպես կարող է բանակից զորացրված զինծառայողը՝ զինվորականի համազգեստով, սպառազինված ու առավել ևս դիվերսիոն խմբի կազմում ներթափանցել հակամարտ զորքերի միջդիրքային տարածք, փորձել կատարել հատուկ նշանակության գործողություն և արդյունքում հայտնվել հայերի ձեռքում…»։–0–