Рейтинг@Mail.ru
USD
394.35
EUR
413.87
RUB
3.8
GEL
139.79

Դ. Հարությունյան. ուրախ եմ, որ ընդդիմադիր ուժերը թավշյա հեղափոխությունը չեն նախատեսում վաղը, այլ հետաձգում են այն մի քանի ամսով

28.06.2017, 15:53
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը չորեքշաբթի մեկնաբանել է երկրում թավշյա հեղափոխություն իրականացնելու հավանականութունը 2018 թ.-ի ապրիլին։
Դ. Հարությունյան. ուրախ եմ, որ ընդդիմադիր ուժերը թավշյա հեղափոխությունը չեն նախատեսում վաղը, այլ հետաձգում են այն մի քանի ամսով

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի./ԱՌԿԱ/. ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը չորեքշաբթի մեկնաբանել է երկրում թավշյա հեղափոխություն իրականացնելու հավանականութունը 2018 թ.-ի ապրիլին, երբ նախագահը վայր կդնի իր լիազորությունները և երկիրը կանցնի խորհրդարանական իշխանավարման։  

Սահմանադրական փոփոխությունների համաձայն, Հայաստանն անցում է կատարում խորհրդարանական կառավարման ձևին: Նախագահի լիազորությունների ժամկետը կլրանա 2018 թ-ի ապրիլին, ինչից հետո խորհրդարանական մեծամասնությունը կընտրի երկրի նոր ղեկավարին և կառավարություն կձևավորի: 

Ընդդիմադիր ուժերը նշում են, որ եթե գործող նախագահ Սերժ Սարգսյանը 2018 թ-ի ապրիլից հետո ցանկանա շարունակել պետական գործունեությունն արդեն վարչապետի պաշտոնում, ապա դա կարող է թավշյա հեղափոխության պատճառ դառնալ և իրենք կփորձեն մոբիլիզացնել հասարակությանը:      

«Ուրախ եմ, որ ընդդիմադիր ուժերը թավշյա հեղափոխությունը չեն նախատեսում վաղը, այլ հետաձգում են այն մի քանի ամսով, դա արեն լավ է», – կատակեց Հարությունյանը։

Միաժամանակ նա նշեց, որ եթե ընդդիմության հայտարարություններն առողջ քննադատություն են պարունակում, ապա դա դրական կգնահատվի, քանի որ դա իշխանությանը թույլ կտա վեր հանել թերությունները, դառնալ առավել ճկուն, նկատել բացթողումները: Հարությունյանը ողջունում է կառուցողական քննադատությունը:

«Ցանկացած բռնի հեղափոխություն ենթադրում է համարժեք հակազդեցություն, քանի որ խոսքը պարզ քրեական խախտման մասին է: Ընդհանրապես, ես լավ չեմ պատկերացնում, թե նրանք (ընդդիմությունը) ինչ նկատի ունեն` թավշյա հեղափոխություն ասելով»,-ասաց Հարությունյանը:

Ինչ վերաբերում է 2018 թ-ի ապրիլին, ապա քաղաքական կանխատեսումների մասին խոսելը նախարարը վաղաժամ է համարում, քանի որ մինչ այդ իրավիճակը կարող է  փոխվել և կարող են ձևավորվել բոլորովին այլ պայմաններ, որոնք կհուշեն, թե ինչպես առաջ շարժվել:

Նա նաև հրաժարվեց կանխատեսել, թե ինչ պաշտոն կզբաղեցնի ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը, արդյոք նա կմնա մեծ քաղաքականության մեջ, ընդգծելով, որ նպատակահարմար չէ նման երկարաժեմկետ կտրվածքով կանխատեսումներ անել: 

«Կուսակցությունն իր ծրագրերն ունի, որոնք մենք պարբերաբար քննարկում ենք, ոչ բոլորն ենք այս պահին նպատակահարմար համարում հրապարակային ներկայացնել»,- ասաց Հարությունյանը, պատասխանելով հարցին, թե  կուսակցության խորհրդի նիստերին նման հարց քննարկվե՞լ է, թե՞ ոչ:-0-