ԵՄ–ն պատրաստ է բազմամիլիոնանոց օգնություն տրամադրել` Հայաստանում դատական բարեփոխումներին աջակցելու համար

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի. /ԱՌԿԱ/. Եվրամիությունը պատրաստ է բազմամիլիոնանոց օգնություն տրամադրել` Հայաստանում դատական բարեփոխումներին աջակցելու համար: Այդ մասին այսօր` հուլիսի 22-ին, լրագրողների հետ զրուցում ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, ով ավարտում է ՀՀ–ում իր դիվանագիտական առաքելությունը:
«Ներկա պահին դիտարկվում է երկու հիմնական ուղղություն. ուղիղ, անմիջական օգնություն, որը հասանելի կդառնա արդեն այս տարվա աշնանը: Մենք խոսում ենք նաև բազմամիլիոնանոց օգնության մասին, որն առաջիկա 3-4 տարիների ընթացքում կտարածվի նաև այլ ծրագրերի վրա», - ասաց նա` չնշելով նախատեսվող ֆինանսական օգնության գումարը:
Սվիտալսկին նաև նշեց, որ ԵՄ-ն հանդես է եկել հստակ աջակցությամբ Հայաստանում դատական բարեփոխումների գործընթացի հարցում:
«Այդպիսի աջակցությունն արտահայտվել է մեր գործընկերների կողմից այս կամ այն մակարդակում` սկսած ամենաբարձրից», - ասաց պատվիրակության ղեկավարը` կարևորելով նաև աջակցության ֆինանսական բաղադրիչը:
Նա տեղեկացրեց, որ ԵՄ-ում անհամբեր սպասում են կոնկրետ պլանների, որոնք գտվում են հայկական կառավարության օրակարգում: «Ինչպես արդեն նշվել է, ԵՄ-ն չի պարտադրում բարեփոխումների մոդել, Եվրոպայում չկա պատշաճ գործող արդարադատության համակարգի միասնական մոդել», - հայտարարեց Սվիտալսկին:
Հիշեցնենք, որ մայիսի 20-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ դատարանները չեն վայելում հասարակական վստահություն և ժամանակն է «վիրաբուժական միջամտություն» կատարել դատական համակարգում: Մասնավորապես, ըստ նրա, Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն վեթինգի, նաև երկրի համար կենսական նշանակություն ունի անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումը:-0-