Ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում. ՀԱՊԿ
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի./ԱՌԿԱ/. ՀԱՊԿ–ից հայտարարում են, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի։
ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովի խոսքով` ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հեռախոսով զրուցել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ։
«Պաշտպանության նախարարությունից ստացել ենք սպառիչ տեղեկատվություն այն մասին, թե ինչ է տեղի ունեցել և այս պահին տեղի ունենում հակամարտության գոտում», – հայտարարեց նա «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։
Զայնետդինովի խոսքով` Բորդյուժան հեռախոսազրույց է ունեցել նաև ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։
«Հեռախոսազրույցի ընթացքում նրանք հայտնել են, որ հարկավոր է անհապաղ ընդունել միջոցներ, որոնք թույլ կտան կայունացնել իրավիճակն ու դադարեցնել ռազմական գործողությունները։ Քանի որ այս հակամարտությունը չունի ռազմական լուծում», – նշեց ՀԱՊԿ մամուլի քարտուղարը։
Նա ավելացրեց, որ այս հակամարտությունը կարող է լուծվել միայն քաղաքական ճանապարհով` միջազգայնորեն գործող ինստիտուտների շրջանակում, որոնք լիազորված են կարգավորելու հակամարտությունը։
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ`հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները մարտեր են տանում առաջնային գծի բոլոր ուղղություններով` հակառակորդին կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի զգալի կորուստներ պատճառելով։ Մասնավորապես, ԼՂՀ պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով, մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել են հակառակորդի երկու ուղղաթիռ, երեք տանկ և երկու անօդաչու թռչող սարք։–0–