Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+14

Գլազևը մեկնաբանել է Ադրբեջանի անդամակցության հնարավորությունը ԵՏՄ–ին ղարաբաղյան հակամարտության համատեքստում

23.10.2018, 19:40
ՌԴ նախագահի խորհրդականը մեկնաբանել է Ադրբեջանի անդամակցության հնարավորությունը ԵՏՄ–ին ղարաբաղյան հակամարտության համատեքստում։
Գլազևը մեկնաբանել է Ադրբեջանի անդամակցության հնարավորությունը ԵՏՄ–ին ղարաբաղյան հակամարտության համատեքստում

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանին հարկավոր չեն հակամարտություններ, երեքշաբթի հայտարարեց ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը` պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանին զենքի վաճառքը վկայում է այն մասին, որ ՌԴ–ն շահագրգռված է ղարաբաղյան հակամարտության շարունակության հարցում։ 

«Մեր հետևողական դիրքորոշումը կայանում է նրանում, որ հետխորհրդային տարածքում առկա հակամարտությունները պետք է լուծվեն բանակցությունների, խորհրդակցությունների, փոխզիջումներ գտնելու միջոցով։ Մենք կենսականորեն հետաքրքրված ենք, որպեսզի որևէ հակամարտություն չլինի», – ասաց Գլազևը «Նովոստի–Արմենիա» միջազգային մամուլի կենտրոնում։ 

Նրա խոսքով, Ռուսաստանին անհրաժեշտ է կայուն զարգացում։

«Մենք ոչ միայն տնտեսությունում, այլև քաղաքական ոլորտում միավորման հարցերին մոտենում ենք բացառապես փոխադարձ հետաքրքրությունների, համատեղ հնարավորությունների հաստատման ուղիների որոնման տեսանկյունից», – ասաց Գլազևը։ 

Նա նաև նշեց, որ ԵՏՄ–ն բաց է բոլորի համար։

«Վստահ եմ, որ եթե ԵՏՄ–ն ընդգրկեր հետխորհրդային տարածքի բոլոր պետությունները, հակամարտությունները կլինեին ավելի քիչ, քանի որ ԵՏՄ–ում անհետանում է առնվազն սահմաններից մեկը` մաքսայինը, որը շատ ցավագին է ընդունվում սահմանի մյուս կողմում գտնվող մարդկանց կողմից», – ասաց Գլազևը։ 

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք դրակա՞ն է գնահատում Ադրբեջանի անդամակցությունը ԵՏՄ–ին` Գլազևը նշեց, որ ընդհանուր տնտեսական տարածքի շրջանակում տնտեսական կապերի ձևավորումն առաջին հերթին կառուցվում է տարբեր պետությունների մարդկանց համագործացկության հիման վրա։

«Որքան շատ լինի նման համագործակցությունը, այնքան ավելի քիչ կլինեն սահմանային խոչընդոտները, այդուհանդերձ, սուր կլինեն քաղաքական հակամարտությունները, որոնք այսօր չափազանց բարդ է լուծել ազգային սուվերենությունների շրջանակում», – նշեց Գլազևը։

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն իր հերթին հիշեցրեց, որ «ղարաբաղյան հակամարտությունն այն հարցն է, որի խաղաղ կարգավորման շուրջ Ռուսաստանը, ԱՄՆ–ն և Ֆրանսիան համակարծիք են, չնայած գոյություն ունեցող հակասություններին»։

«Ռուսաստանը ոչ մի դեպքում հետաքրքրված չէ հակամարտությամբ իր սահմանների մոտ։ Դա միանշանակ է», – ասաց Աբրահամյանը։–0–