Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

Հայաստանի և Իրանի պաշտպանության նախարարները մատնանշում են արցախյան հակամարտության ռազմական լուծման անհնարինությունը

27.04.2016, 12:32
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեին Դեհղանը նշել են, որ ապրիլյան քառօրյա պատերազմի արդյունքներն ապացուցեցին արցախյան հակամարտության ռազմական լուծման անհնարինությունը:
Հայաստանի և Իրանի պաշտպանության նախարարները մատնանշում են արցախյան հակամարտության ռազմական լուծման անհնարինությունը

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեին Դեհղանը չորեքշաբթի Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ նշել են, որ ապրիլյան քառօրյա պատերազմի արդյունքները ևս մեկ անգամ ապացուցեցին արցախյան հակամարտության ռազմական լուծման անհնարինությունը:

Ինչպես հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը, կողմերը մտահոգություն են հայտնել արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրավիճակի սրման կապակցությամբ և կարևորել լարվածության թուլացման ու փոխվստահության մթնոլորտի հաստատման անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության առկա վիճակին ու հետագա զարգացման հեռանկարներին առնչվող հարցերին:

Սեյրան Օհանյանը գտնվում է Մոսկվայում` միջազգային անվտանգության հարցերով համաժողովին մասնակցելու նպատակով:

Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։ -0-