Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
+26

ԿԸՀ–ն ողջ օրվա ընթացքում ստուգելու է հանրաքվեի ժամանակ գրանցված խախտումների մասին տեղեկությունների իսկությունը

06.12.2015, 11:41
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օրվա ընթացքում ստուգելու է սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ժամանակ գրանցված խախտումների մասին տեղեկությունների իսկությունը:
ԿԸՀ–ն ողջ օրվա ընթացքում ստուգելու է հանրաքվեի ժամանակ գրանցված խախտումների մասին տեղեկությունների իսկությունը

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օրվա ընթացքում ստուգելու է սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ժամանակ գրանցված խախտումների մասին տեղեկությունների իսկությունը։ Ինչպես հաղորդում է  «Նովոստի–Արմենիա» գործակալությունը, այս մասին ասել է ԿԸՀ անդամ Նունե Հովհաննիսյանը` մեկնաբանելով Facebook սոցցանցում հրապարակված ՀԱԿ–ի հայտարարությունը, որը վերաբերում է որոշ ընտրատեղամասերում գրանցված խախտումներին։

Հայ ազգային կոնգրեսը  Facebook–ի իր էջում հրապարակել է հաղորդություն այն մասին, որ թիվ 9/27 տեղամասում (Նորագյուղ) ցուցակները ստորագրվում են հանձնաժողովի անդամի կողմից, ինչը վկայում է նախապատրաստվող լցոնումների մասին:

Միաժամանակ ՀԱԿ–ի հաղորդագրության մեջ նշվում է, որ Կարբիի 2 տեղամասերում քվեաթերթիկներ հանելու փորձեր են կատարվել, ինչը կանխվել է:

Հաղորդվում է նաև, որ որոշ ընտրատեղամասերում «Ժառանգության» վստահված անձանց վկայականներով ներկայացել են հանրապետականներ։ Իսկ տեղամասերից մեկում «Ժառանգության» իրական վստահված անձին թույլ չեն տվել կատարել իր լիազորությունները։

«Ողջ օրվա ընթացքում աշխատելու է իրավիճակային վերլուծության կենտրոնը։ Այս պահին մենք ինտերնետային տարբեր ռեսուրսներից (սոցցանցերից բացի) ստանում և մշակում ենք խախտումների մասին տեղեկատվությունը», – նշեց Հովհաննիսյանը։ 

Նա ավելացրեց, որ ԿԸՀ–ի կայքում պաշտոնական պատասխանի հրապարակումից առաջ նրանք կփորձեն ընտրատեղամասերի ներկայացուցիչների միջոցով ստուգել տեղեկատվության իսկությունը։

Դեկտեմբերի 6–ին Հայաստանում անցկացվում է սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն։ Բարեփոխումներով նախատեսվում է անցում կատարել խորհրդարանական իշխանավարման։ Ժամը 08։00–ից երկրի ողջ տարածքում բացվել են 1997 ընտրատեղամասեր։ Քվեարկությունը կավարտվի ժամը 20։00–ին։

Դեկտեմբերի 5–ի տվյալներով` Ընտրողների ռեգիստրում ներառված է 2 մլն 550 հազար 323 մարդ։ Հանրաքվեին ներկայացված օրինագիծը համարվում է ընդունված, եթե նրա օգտին քվեարկել է հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, սակայն ընտրացուցակներում ներառված քաղաքացիների մեկ քառորդից ոչ պակասը։

Քվեարկության ընթացքին հետևում են ավելի քան հարյուր միջազգային և մի քանի հազար տեղական դիտորդներ։–0–