Կրեմլը կոչ է արել չհամեմատել Հայաստանի և Ուկրաինայի իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի./ԱՌԿԱ/. Տեղին չէ համեմատել Հայաստանի և Ուկրաինայի իրադարձությունները, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ–ը։
Հայաստանում ապրիլի 13–ից մեկնարկած մասշտաբային բողոքի ակցիաների ֆոնին ապրիլի 23–ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։
2014 թ.–ի սկզբում Ուկրաինայում տեղի ունեցավ պետական հեղաշրջում, որին նախորդեցին բողոքի բազմահազարանոց ակցիաներ Կիևի կենտրոնում։ Այսպես կոչված «եվրամայդանի» արդյունքում այն ժամանակվա նախագահ Վիկտոր Յանուկովիչը հեռացվեց իշխանությունից և հեռացավ Ուկրաինայից։
«Ես զուգահեռներ չէի անցկացնի, քանի որ իրավիճակն ամբողջովին տարբեր է, և դժվար թե այստեղ կարելի է տանել ուղիղ զուգահեռներ», – ասել է Պեսկովը լրագրողներին։
Նրա խոսքով, «իհարկե, դեռ պետք է վերլուծել այս իրավիճակը, և մենք ուշադիր հետևում ենք»։
«Հիմա կարող եմ ասել, որ այստեղ տեղին չէ որևէ զուգահեռներ անցկացնել Ուկրաինայի հետ», – ընդգծել է Պեսկովը։
Կրեմլի ներկայացուցիչը նաև տեղեկացրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ հեռախոսազրույց չի ունեցել ոչ հրաժարական տված վարչապետ Սերժ Սարգսյանի, ոչ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ։
Նա հիիշեցրել է, որ ապրիլի 23–ի երեկոյան հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ։
«Մենք տեսնում ենք, որ իրավիճակը դեռ չի գնում ապակայունացման ճանապարհով, ինչի կապակցությամբ հայտնում ենք մեր գոհունակությունը։ Երևանում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները մեր հայ բարեկամների, գործընկերների ու դաշնակիցների ներքին գործն է։ Հայաստանը մեզ համար շատ արժեքավոր գործընկեր է, ում հետ մեզ կապում են շատ ծավալուն և՛ տնտեսական, և՛ մշակութային կապեր», – նշել է Պեսկովը։
Նա հույս է հայտնել, որ երկրում կպահպանվի կարգ ու կանոն, կայունություն և որ ամենամոտ ժամանակներում, արդեն տեսանելի հեռանկարում, կհայտնվեն քաղաքական կոնֆիգուրացիայի ուրվագծեր, որը կդառնա հայ ժողովուրդը ներկայացնող բոլոր ուժերի կոնսենսուս։–0–