Рейтинг@Mail.ru
USD
401.31
EUR
424.71
RUB
4.03
GEL
145.09

ԼՂՀ ՊՆ–ն հայկական կողմի հարձակման մասին տեղեկատվությունն անվանել է «ադրբեջանական պրոպոգանդայի երևակայության արգասիք»

24.04.2016, 13:55
Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հերքում է հայկական կողմի հարձակման վերաբերյալ տեղեկատվությունը, որը տարածվում է Ադրբեջանի կողմից։
ԼՂՀ ՊՆ–ն հայկական կողմի հարձակման մասին տեղեկատվությունն անվանել է «ադրբեջանական պրոպոգանդայի երևակայության արգասիք»

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հերքում է հայկական կողմի հարձակման վերաբերյալ տեղեկատվությունը, որը տարածվում է Ադրբեջանի կողմից։

Պաշտպանական գերատեսչությունն այն անվանում է «ադրբեջանական պրոպոգանդայի երևակայության արգասիք»:

«Այսօր ադրբեջանական պրոպոգանդան` հենվելով սեփական երկրի պաշտպանական գերատեսչության աղբյուրի վրա, հաղորդագրություն է տարածել, թե իբր ապրիլի 24-ի գիշերը հայկական «տանկերը մոտեցել են դիրքերին և կրակ բացել, իսկ այնուհետև կենդանի ուժի օգնությամբ կատարել հարձակման փորձ», - հաղորդում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կտրականապես հերքում է ադրբեջանական պրոպոգանդայի երևակայության արգասիք հանդիսացող տեղեկատվությունը` դա համարելով ոչ այլ ինչ, քան սեփական նախահարձակ գործողությունները սքողելու հերթական քարոզչական հնարք», - նշվում է հաղորդագրության մեջ:

ՀՀ ՊՆ–ն հերքում է ադրբեջանցիների կողմից հայկական տանկի ոչնչացման մասին տեղեկատվությունը>>

Հաղորդագրության համաձայն, Պաշտպանության բանակը, ի տարբերություն հակառակորդի, հարգելով ապրիլի 5-ին կողմերի միջև ձեռքբերված կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը, այս ընթացքում ոչ միայն ձեռնպահ է մնացել իրավիճակն ապակայունացնող որևէ նախահարձակ գործողությունից, այլ առավել ևս առաջնային գծում զրահատեխնիկայի կամ զորքերի տեղաշարժ կատարելուց:

«Ինչ վերաբերում է հայկական մեկ տանկի ոչնչացման և դրա անձնակազմի զոհվելու մասին ադրբեջանական կողմի տարածած ապատեղեկատվությանը, ապա դա ընդունեք որպես հակառակորդի քարոզչական մուղամի հերթական ելևէջ», - ընդգծվում է հաղորդագրության մեջ:

Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։-0-